Չեն հավատում, որ կփոխեն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 9-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է ԹԻ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. (ԿՀԲ 2013) ուսումնասիրության հիմնական արդյունքները, որը աշխարհի 107 երկրներում 114,000 մարդկանց շրջանում անցկացված հարցում է: Բացի այն, թե քաղաքացիները որ ոլորտներն են համարում ամենից կոռումպացված, հարցաշարը պարունակել է նաև այլ հարցեր։ Դրանցից մեկը եղել է այն մասին, թե վերջին 2 տարվա ընթացքում կոռուպցիան աճե՞լ է, թե՞ նվազել։
Ինչպես և հրապարակման դեպքում, այս անգամ նույնպես պատասխանները կանխատեսելի էին։
Այսպես, հարցվածների 21%-ը կարծում է, որ վերջին 2 տարվա ընթացքում կոռուպցիայի մակարդակը երկրում զգալիորեն ավելացել է։
Եվս 22%-ը կարծում է, կոռուպցիան ավելացել է, սակայն քիչ չափով։
Հարցման մասնակիցների 39%-ի կարծիքով կոռուպցիայի մասշտաբները վերջին 2 տարում չեն փոխվել։
Հարցվածների 16%-ը է կարծիք հայտնել, որ կոռուպցիան փոքր-ինչ նվազել է։ Իսկ որ այս երևույթը զգալիորեն նվազել է, այդ կարծիքին են ընդամենը 3%-ը։
Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը հավատում է մեր համաքաղաքացիների 19%-ը։ Ընդ որում, այդ 19 տոկոսի մեծ մասը արդյունավետությունը այնքան էլ բարձր չի գնահատում։
Կարելի է ասել, որ այս 19%-ը արտացոլում է ՀՀ իշխանությունների վստահության մակարդակը։
Սա, իհարկե, շատ վատ ցուցանիշ է, քանի որ խոսքը արդեն ոչ թե վստահության, այլ անվստահության մասին է։
Սակայն շատ ավելի մտահոգիչ է մեկ այլ ցուցանիշ, որը վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մեջ մարդկանց ներգրավված լինելու ցանկությանը և այդ պայքարում իրենց դերի ընկալմանը: Մասնավորապես, Հայաստանում հարցվածների միայն 37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է ինչ-որ բան փոխել:
Հարցվածների 22%-ը կտրականապես համաձայն չէ այն մտքի հետ, որը շարքային քաղաքացին կարող է որևէ ազդեցություն ունենալ կոռուպցիան նվազեցնելու գործում։
Եվս 41%-ը պարզապես համաձայն չէ այդ մտքի հետ։
Ստացվում է տխուր պատկեր։ Հասարակության մեծ մասը կարծում է, որ կոռուպցիան տարածված է, չեն հավատում կոռուպցիայի դեմ պայքարին և համոզված են որ դրա մասշտաբները ավելացել են, չեն հավատում իշխանությունների անկեղծությանը՝ այս երևույթի դեմ պայքարի հարցում և որ ավելի վատ է՝ չեն հավատում իրենց ուժերին։
Սա խոսում է խոր հիասթափության մասին, որը պետք է լուրջ մտահոգության առիթ տա թե՜ իշխանությանը, թե՜ ընդդիմությանը։ Ի դեպ, ավելացնենք, որ հարցման մասնակիցների 57%-ը կոռումպացված են համարել նաև քաղաքական ուժերին՝ կուսակցություններին։ Իսկ ամենակոռումպացվածը համարվել է դատական համակարգը (69%)։