Հայաստանի ամենակոռումպացված կառույցները
Ս.թ. հուլիսի 9-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Մեդիա կենտրոնում ներկայացրել է ԹԻ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2013թ. (ԿՀԲ 2013) ուսումնասիրության հիմնական արդյունքները, որը աշխարհի 107 երկրներում 114,000 մարդկանց շրջանում անցկացված հարցում է:
Հարցերից մեկը եղել է այն, թե պետական կառույցներից որո՞նք են ավելի կոռումպացված ընկալվում։ Պատասխանները, կարելի է ասել, անսպասելի չեն։
Հայաստանի քաղաքացիները ամենակոռումպացվածը համարում են դատական համակարգը. հարցվածների 69%-ն այդ կարծիքին է եղել։
Երկրորդ տեղում պետական և քաղաքացիական ծառայողներն են, կամ, պարզ ասած, չինովնիկությունը։ Նրանց կոռումպացված է համարել հարցվածների 68%-ը։
Չնայած վերջին շրջանում գրեթե ամեն օր խոսվում է ոստիկանության հեղինակության և ոստիկանի կերպարի ընկալման մասին, սակայն հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակությունը այդ խոսակցություններին չի հավատում։ Հարցվածների 66%-ը ոստիկանությունը համարում են կոռումպացված համակարգ։ Առողջապահության համակարգը ունի նույն ցուցանիշը՝ 66%։ Այսինքն՝ գնահատվում է շատ կոռումպացված։
Կրթական համակարգը կոռումպացված են համարել հարցվածների 58%-ը, կուսակցություններին և օրենսդիր իշխանության մարմիններին՝ 57%-ը, բիզնեսը՝ 51%-ը, զինված ուժերը՝ 47%-ը, կրոնական մարմիններին՝ 39%-ը, լրատվամիջոցներին՝ 37%-ը, հասարակական կազմակերպություններին՝ 32%-ը։