Գյուղապետը հրաժարական է տվել և արտագաղթել է
Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար, ՀԱԿ անդամ Գագիկ Վահրադյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և մեկնել Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Գյուղապետի դիմումը հաստատել է գյուղի ավագանին, իսկ կառավարությունը դեռևս ոչ: ԳԱԼԱ-ին չի հաջողվել Գագիկ Վահրադյանի հետ կապ հաստատել: Կայքի թղթակիցը զրուցել է արդեն նախկին գյուղապետի որդու հետ, ով ներկայացրել է իր հոր գյուղապետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվելու որոշումը: Իշխան Վահրադյանն ասել է.
«Կային ընտանեկան, տնտեսական ու ֆինանսական խնդիրներ, բացի այդ, գյուղում առկա խնդիրների լուծման տարբերակներ չկային, համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ չի թույլատրվում բիզնեսով կամ այլ աշխատանքով զբաղվել: Գյուղում չէ, Հայաստանում էլ չէ, հայրս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի»:
Բացի այս խնդիրներից, Իշխան Վահրադյանը ներկայացրել է նաև հոր աշխատանքից հեռանալու մեկ այլ պատճառ: «Հրաժարականի մեկ այլ պատճառ էլ կար, այս իշխանություններից որևէ հույս ակնկալիք ունենալ չես կարող, իսկ համայնքի բնակիչները համայնքի ղեկավար ընտրել են փոփոխությունների ակնկալիքով, բայց էս երկրի պայմաններում, այս կառավարության օրոք հնարավոր չէ ինչ-որ փոփոխություն արձանագրել՝ համայնքի բնակիչների բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,- ասել է նախկին գյուղապետի որդին:
Ներկայումս Կարմրաքար համայնքի ղեկավարի պաշտոնում ժամանակավորապես նշանակվել է գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը: «Դեռ կառավարությունը չի հաստատել Գագիկ Վահրադյանի հրաժարականը, ինքը մայիսի 30-ին է ներկայացրել: Ինքն իրա դիմումի մեջ գրել է՝ տնտեսական վիճակի պատճառով է ցանկանում դուրս գալ: Գյուղի խնդիրներով այժմ ես եմ զբաղվում: Եթե կառավարությունը հաստատի, նոր արտահերթ ընտրություններ կլինեն»,- ասել է Լիլիթ Մաթևոսյանը:
Կարդացեք այստեղ.