Դատավորը՝ Սիրունյանին. «Արձանագրենք, որ դուք շատ քաջ եք»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրում էր գործով երեք ամբաստանյալներին դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության ենթարկել:

Դատական նիստի ընթացում պաշտպան Լ. Ավետիսյանը պնդեց իր մյուս միջնորդությունը՝ դատաձգաբանական, դատահետքաբանական, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու մասին: Նրա խոսքով՝ ստացվում է՝ ինքը կատարում է դատախազի գործառույթը, քանի որ, ըստ նրա, իր ներկայացրած միջնորդությունները պետք է կատարվեին նախաքննության ընթացքում՝ դատախազի կողմից:

Դատավոր Գագիկ Պողոսյանը հարցրեց՝ արդյոք վերջինս հնարավոր չի՞ համարում իր միջնորդության քննարկումը հետաձգել և պարզաբանումների համար դատարան կանչել փորձաքննությունն իրականացրած փորձագետներին: Պաշտպանն ասաց՝ հնարավոր է, ինքը չի առարկի, եթե մեղադրող Արամ Ամիրզադյանը նման միջնորդություն ներկայացնի: Դատավոր Գագիկ Պողոսյանն էլ նշեց, որ ստեղծվել է հետաքրքիր իրավիճակ, երբ երկու կողմերը չեն առարկում միջնորդությունը, սակայն նրանցից ոչ մեկը միջնորդություն չի հարուցում:

Դատավորն էլ կողմերին հարցրեց՝ արդյոք միջնորդության հարուցումը հղի՞ է վտանգներով: Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն էլ հայտարարեց, որ ինքը «որոշեց բարիշացնել կողմերին»:

Դատավոր Գագիկ Պողոսյանն արձագանքեց Ալ. Սիրունյանի հայտարարությանը՝ ասելով. «Արձանագրենք, որ դուք շատ քաջ եք»:

Փաստաբան Սիրունյանը միջնորդեց դատարան հրավիրել երեք փորձագետների՝ դատական բժշկին և երկու ձգաբաններին: Դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի տասներկուսին:

Տեսանյութեր

Լրահոս