Կառավարությունը կուսումնասիրի նաև մալուխի շուկայական գինը
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2012 թվականի հաշվետվության ներկայացման ժամանակ ԱԺ իր հետ մալուխի մի կտոր էր բերել և պատգամավորներին ցույց տալով, բացատրում էր, որ դա սովորական մալուխ է, որի մեկ մետրը խանութներում արժե 110 դրամ, իսկ իրենց ուսումնասիրած շինարարական ծրագրերի փաստաթղթերում ֆիքսված է, որ այն գնվել է 1007 դրամով: Այս մալուխի գնի շուրջ քննարկումները նույնիսկ արդարադատության նախարարի վարսավիրին էին հասել: Ի պատասխան նախարարը հաջորդ օրն ԱԺ մի կտոր փայտ բերեց: Ինչպես գրում է Փաստինֆո-ն, թերևս այս պատկերավոր ներկայացումից հետո, կառավարությունը որոշել է պետական մարմինների կողմից ձեռք բերվող ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը և առավելագույն գները հաստատելու մասին այս տարի ապրիլի 13-ին ընդունած իր որոշման մեջ ամրագրել նաև այդ նույն մալուխը, այն էլ միանգամից 3 տարբեր տեսակների: Բացի այդ ցանկը հարստացվել է նաև էլեկտրական ապահովիչների և վարդակների մի քանի տեսակներով, ինչպես նաև տպիչ սարքերի և օդորակիչների կոնկրետ տեխնիկական նկարագրերով: Ի դեպ, կառավարության հաստատած այս ցանկում ներառված ապրանքների առավելագույն գները ուսումնասիրվում և տվյալները թարմացվում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ` դրանց գնման գործընթացում հնարավոր չարաշահումները բացառելու նպատակով: