«Աբովյան» բժշկական կենտրոնի 3 բժիշկները՝ դատարանում
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 3 բուժաշխատողների գործով դատաքննությունը: Ըստ datalex դատական տեղեկատվական համակարգի՝ գործով մեղադրանք է առաջադրվել 3 բուժաշխատողի:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վահագն Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով բարձրագույն բժշկական կրթություն, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ, իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանի մահը:
Վահագն Կիրակոսյանը 2011-ից աշխատելով «Աբովյանի ԲԿ» ընկերության առողջության առաջնային պահպանման բաժնում՝ որպես բժիշկ-ուրոլոգ, հանդիսանալով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձ՝ 2012-ի մայիսի 19-20-ը գտնվել է հերթապահության մեջ վիրաբուժական բաժանմունքում: Իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք: Տվյալ բաժանմունքում ձախ ազդրոսկրի կոտրվածք ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդ Մարիամ Արշակյանի նկատմամբ չի սահմանել պատշաճ դինամիկ հսկողություն, որի պայմաններում էլ ժամանակին չի ախտորոշվել ճարպային էմբոլիայի զարգացումը:
Ավելին 2012-ի մայիսի 20-ին, ժամը 05:00-ի սահմաններում հիվանդի առողջական վիճակի դինամիկայում վատթարացման «ճարպային էմբոլիայի» մասին կլինիկական չափանիշներով վկայող դրսևորումների հայտնաբերման պայմաններում (դրանցից են պոլիտրավմայի բացակայության դեպքում ի հայտ եկող գիտակցության խանգարումները, գրգռվածությունը, զարգացող շնչառական անբավարարության պատկերը, կայուն չպատճառաբանված հաճախասրտությունը, զարկերակային ճնշման անկումը, ընդհանուր թուլությունը) չի ձեռնարկել լաբորատոր և գործիքային ախտորոշիչ միջոցառումներ, մասնավորապես՝ թոքերի համապատասխան փոփոխությունների դիֆուզ ինֆիլտրացիայի, թոքանկարի ուժեղացման հայտնաբերման նպատակով կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա, ի հայտ եկած բարդության ախտորոշման նպատակով նաև ակնահատակի, արյան և մեզի հետազոտություններ:
Նկարագրված պայմաններում ճիշտ չկողմնորոշվելով, հիվանդի նկատմամբ անհրաժեշտ ծավալով բուժօգնություն ձեռնարկվելու փոխարեն, բավարարվել է միայն զարկերակային ճնշումը չափելով, պուլսը ստուգելով և նույն ԲԿ-ի հերթապահ բժիշկներ՝ թերապևտ Նարինե Ամիրխանյանին և ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանին հիվանդի մոտ հրավիրելով, այնուհետև կատարվել է ոչ հիմնավոր ախտորոշում, որի պայմաններում, մինչև վիճակի ծայրահեղ ծանր դառնալը, Մարիամ Արշակյանը մնացել է վիրաբուժական բաժանմունքում՝ առանց լիարժեք և նպատակաուղղված բուժօգնության:
Արդյունքում՝ Մարիամ Արշակյանը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք անհապաղ չեն սկսել անհրաժեշտ բուժական համալիր միջոցառումները, թթվածնային թերապիան դիմակով կամ անհրաժեշտության դեպքում շնչափողի ինտուբացիայի և թոքերի արհեստական օդափոխության անցումով, ինֆուզիոն-դեզինտոքսիկացիոն և տրանսֆուզիոն թերապիան, հակակոագուլացիոն թերապիան, կորտիկոստերոիդների կիրառումը, մոնիտորային հսկողությունը կենսական կարևոր ֆունկցիաների նկատմամբ, վիճակի կայունացման և անհրաժեշտության դեպքում հետագայում նաև կոտրվածքի վաղ վիրահատական մոբիլիզացիան, որի պայմաններում շարունակվել է ճարպային էմբոլիայի զարգացումը՝ հանգեցնելով գեներալիզացված ճարպային Էմբոլիայի առավելապես թոքային զարկերակի ճյուղերի խցանումով, որի հետևանքով 2012-ի մայիսի 20-ին, ժամը 22:00-ի սահմաններում անզգուշությամբ առաջացել Է բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանի մահը:
Նույն բժշկական կենտրոնի հիվանդանոցային ծառայության թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր կամ բժիշկ-թերապևտ Նարինե Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մասնագիտական պարտականությունները կատարել Է ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է մահ: Նախորդ տարվա մայիսի 20-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում նա հրավիրվել է վիրաբուժական բաժանմունք «ձախ ազդրոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժվող հիվանդ Մարիամ Արշակյանին բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու նպատակով: Վերջինիս առողջական վիճակի դինամիկայում վատթարացումից հետո «ճարպային Էմբոլիայի մասին կլինիկական չափանիշներով վկայող դրսևորումների հայտնաբերման պայմաններում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, դրանց նկատմամբ դրսևորել անփույթ վերաբերմունք, չի ձեռնարկել լաբորատոր և գործիքային ախտորոշիչ միջոցառումներ. Նկարագրված պայմաններում ճիշտ չկողմնորոշվելով, հիվանդի նկատմամբ անհրաժեշտ ծավալով բուժօգնություն ձեռնարկվելու փոխարեն բավարարվել է. միայն արտաքին զննությամբ՝ զարկերակային ճնշումը չափելով, պուլսը ստուգելով, թոքերի և սրտի լսումով, որի արդյունքում դրվել է ոչ հիմնավոր «ասթենովեգետատիվ համախտանիշ» ախտորոշում, և մինչև վիճակի ծայրահեղ ծանր դառնալը Սարիամ Արշակյանը մնացել է վիրաբուժական բաժանմունքում՝ առանց լիարժեք և նպատակաուղղված բուժօգնության:
Արդյունքում՝ Մարիամ Արշակյանը չի տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք և անհապաղ չեն սկսել անհրաժեշտ բուժական համալիր միջոցառումները:
Նույն բ/կ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Աշխարհաբեկ Մեհրաբյանին ևս մեղադրանք է առաջադրվել արդեն նշվածի համար՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հուլիսի 25-ին: