Իրանցի հատուկջոկատայինները 7 ամիս Իրաքում մշակել են Հոմսի գրոհը. Az-Zaman
Իրաքյան Az-Zaman թերթի փոխանցմամբ` իրանցի զինծառայողները յոթ ամսվա ընթացքում Իրաքի տարածքում մշակել են Հոմսի գրոհը: Նախորդ շաբաթ մարտական հատուկ խումբն ու առանձին գումարտակ նախապատրաստության ավարտից հետո մեկնել են Սիրիա:
Իրանցիները նախապատրաստական աշխատանքներն Իրաքում իրականացրել են անապատում գտնվող ռազմական գաղտնի օբյեկտում` սիրիական սահմանից ոչ հեռու: Այդ նախապատրաստությունն իրականացվել է սահմանի վերահսկման վերականգնման պատրվակով:
Վարժանքների ժամանակ, իբրև թե, մշակվել են քիմիական զենքի կիրառումն ու գիշերային մարտեր: Հոմսի վրա կառավարական վերահսկողության վերականգնման պլանը նախագահ Բաշար Ասադի և իրանական կողմի միջև համաձայնեցվել է ամիսներ առաջ:
Իրանական կողմից գործողության պլանավորմանը մասնակցել են Իրանա-իրաքյան պատերազմի (1980-1988) վետերանները: Պլանի համաձայն, իրանական հարվածային բռունցքը պետք է ապստամբներին դուրս մղի Հոմսում նրանց կողմից ամրացված թաղամասերից, իսկ դրանից հետո քաղաքի մաքրմամբ զբաղվելու են «Հզբոլլահը» և իրաքյան շիական բրիգադները:
Ավելի վաղ «Հզբոլլահը» ձեռնարկել է Սիրիական ազատ բանակի կողմից Հոմսի ամրացված թաղամասը գրավելու փորձեր, որոնք, սակայն, չեն պսակվել հաջողությամբ: Իրաքյան թերթը, վկայակոչելով իր սիրիական ու իրաքյան աղյբյուրները, հայտնում է, որ ի հեճուկս պաշտոնական քարոզչության, սիրիական բանակն այդքան էլ ուժեղ չէ և ի վիճակի չէ միայն շահել պատերազմը:
Թերթն ընդգծում է, որ սիրիական բանակի ձեռնարկած շատ գործողությունների ձախողման պատճառը տեղեկատվական արտահոսքն է, ինչից զերծ չեն մնում անգամ ալավի սպաները:
Թերթի աղբյուրը վստահեցնում է, որ Ասադն օպերացիայի նախապատրաստման ժամանակ պահանջել է, որպեսզի Հոմսը վերածվի ընդդիմության գերեզմանոցի, և որ զինյալները չկարողանան քաղաքը լքել ոչ միայն խմբերով, այլև` առանձին-առանձին: