Բաժիններ՝

Հուշաքարի հափշտակության հայտարարությունն ուսումնասիրվում է

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի տեղակալ Արմեն Մալխասյանն այսօր ասել է, թե երեկվա հայտարարությունը ուսումնասիրվում է, որոշման մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Երեկ «Վահե Ավետյան» հասարակական շարժումը հայտարարություն էր տարածել անցած շաբաթ օրը «Հարսնաքար» ռեստորանի տարածքից՝ «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր հուշաքարի հափշտակության վերաբերյալ: Հասարակական շարժումը, մասնավորապես, նշել էր, որ այդ հայտարարությունը ներկայացնում է որպես Վահե Ավետյանի հիշատակի ժամանակավոր հուշաքարը հափշտակելու հանցագործության մասին պաշտոնական, հրապարակային հայտարարություն` ոստիկանությունից պահանջելով կատարել իր պարտականությունները և բացահայտել այդ հանցագործությունը:

Կայքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ոստիկանության նույն վարչության պետը կարծիք էր հայտնել, թե հասարակական շարժման հայտարարությունը «իրավաբանորեն հիմք չէ» քրեական գործ հարուցելու համար: Քրեական գործ հարուցելու իրավաբանական հիմքերի և Վահե Ավետյան շարժման հայտարարությունն ուսումնասիրելու վերաբերյալ երկու տարբեր պատասխաններ ստանալու ժամանակահատվածում տեղեկություն ստացանք նաև, որ ոստիկանապետի մոտ այսօր խորհրդակցություն էր ընթանում: Դեռ հայտնի չէ, թե ոստիկանությանը որքան ժամանակ անհրաժեշտ կլինի քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:

«Վահե Ավետյան» հասարակական շարժման երեկվա հայտարարությունը հասցեագրված էր նաև Երևանի քաղաքապետարանին: Հասարակական շարժումը նշել էր, որ՝ «հայտարարությամբ պաշտոնապես դիմում է Երևանի քաղաքապետարանին` «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարող տարածքը եզերող հատվածում (Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում) Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքարի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն ստանալու ակնկալիքով»:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը փոխանցել է քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պատասխանը, ըստ որի՝ Վահե Ավետյանի տարելիցին նվիրված հուշաքար տեղադրելու վերաբերյալ որևէ քաղաքացի կամ հասարակական շարժում գրավոր դիմում չի հասցեագրել քաղաքապետարան՝ մեկ պատուհան սկզբունքով:

Ըստ Արթուր Սարուխանյանի՝ Երևանի քաղաքապետարանը չի քննարկի Վահե Ավետյանի մահվան տարելիցին նվիրված հուշաքարի տեղադրման թույլատվության վերաբերյալ հայտարարությունը, քանի դեռ, համապատասխան դիմում չի ներկայացվել սահմանված կարգով:

«Վահե Ավետյան» շարժման անդամ Գարեգին Չուքասզյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց, որ վաղը «Վահե Ավետյան» շարժումը կդիմի քաղաքապետարան՝ մեկ պատուհան սկզբունքով․

«Ես կարծում եմ քաղաքապետարանը կարող էր շատ ավելի բարոյական դիրք գրավել: Իրենք պետք է նախաձեռնող լինեին, ոչ թե հասարակությունը: Հասարակության ընդվզումը որոշ չափով մարելու նպատակով հենց ինքը՝ քաղաքապետարանը կարող էր առաջարկել նման հուշաքար տեղադրել այդտեղ ի հիշատակ սպանված սպայի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս