Լուրջ մի վերաբերվեք. Բալասանյանի պատասխանը Ղուկասյանին
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Առաջին լրատվականի հետ զրույցում բավականին կոշտ քննադատություններ էր հնչեցրել ներկայիս քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հասցեին: Մասնավորապես պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Սամվել Բալասանյանն ասում է, որ իր քաղաքապետ եղած ժամանակ բավական աշխատանքներ են կատարվել ենթակառուցվածքների արդիականացման և այլ ուղղություններով, Գյումրիում իրականացվել է ասֆալտապատում, Վարդան Ղուկասյանը պատասխանել էր այսպես. «Իր ժամանակ միայն ստուգումներ են կատարվել, մեկ էլ մարդկանց բռնել, դատի տալ: Բացի բռնել տալուց՝ ոչ մի բան չի արել:
Ինչ վերաբերում է ասֆալտապատման աշխատանքներին, փառք երկրի նախագահին, որ ասֆալտապատում է նախաձեռնել Գյումրի քաղաքում. ինքը այդտեղ ընդհանրապես կապ չունի: Փառք երկրի նախագահին, որ նման ասֆալտապատում է արել Գյումրի քաղաքում»:
«Ճիշտն ասած, տեղեկություն չունեմ, բայց եթե որևէ հրապարակում կա, ուշադրություն մի դարձրեք, լուրջ մի ընդունեք, պետք չէ լուրջ ընդունել»,- galatv.am-ի հետ զրույցում ասել է Սամվել Բալասանյանը:
Դիտարկմանը, թե՝ Ձեր հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչել, և որ քաղաքում կատարված ասֆալտապատումը Վարդան Ղուկասյանը վերագրում է Սերժ Սարգսյանին, չե՞ք պատրաստվում ուշադրություն դարձնել, Սամվել Բալասանյանը ասել է. «Ուշադրություն չպետք է դարձնել և լուրջ չպետք է ընդունել: Ես ուրիշ պատասխան չունեմ»:
Սամվել Բալասանյանը նշել է, որ ոչ մի կերպ չի պատրաստվում պատասխանել որևէ նմանատիպ լուտանքների կամ նմանատիպ երևույթների: «Թողեք այդ գնահատականը մեր գյումրեցին տա, մեր հասարակությունը տա, պետք չի որևէ կարծիք վերցնել, և ես կխնդրեի լրատվամիջոցներին հեռու մնալ նման որակավորումներից և լուրջ չընդունել այդ ամենը: Անելու ենք, քաղաքը վերականգնելու ենք, ասֆալտապատելու ենք, բնակարաններ ենք կառուցելու, աշխատատեղեր ենք ստեղծելու: Դա երևաց երեկվա մեր մշակութային մայրաքաղաքի կարգավիճակ ստանալու ժամանակ կայացած գալա համերգից: Ժողովրդի խանդավառությունը, ուրախությունը, մեր կենտրոնական հրապարակում հավաքվել էին մեր 30 հազար գյումրեցիներ իրենց փոքրիկներով, ընտանիքներով, և նրանց դեմքին կար ժպիտ, սա է ինձ համար կարևոր»,- ասել է ԲՀԿ-ական քաղաքապետը:
Սամվել Բալասանյանը անգամ խորհուրդ է տալիս լրագրողներին լուրջ չվերաբերվել Վարդան Ղուկասյանին: «Դուք էլ լուրջ մի վերաբերվեք, տեսեք ժողովուրդը ինչ գնահատական է տալիս, և Դուք Ձեր գնահատականը տվեք»: