«Ուր էիք, երբ ծեծում էին Վահե Ավետյանին» (տեսանյութ, լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Վահե Ավետյան» հասարակական շարժման ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ:

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մահացել է հայկական բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանը. հունիսի 17-ին նա ծեծի էր ենթարկվել «Հարսնաքարի» տարածքում ու մի քանի օր «Մուրացան» զինվորական հոսպիտալում մնալուց հետո մահացել:

Բողոքի ակցիայի մասնակիցները ռեստորանային համալիրի տարածքում տեղադրեցին հուշաքար, որի վրա գրված էր. «Այս տարածքում դրվելու է Հարսնաքարում սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց, որ նրանք այդ վայրում հուշաքար տեղադրելու իրավունք չունեն, քանի որ իրենց այդ քայլի մասին չեն տեղեկացրել տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանցից չեն ստացել համապատասխան թույլտվություն:

Կարդացեք նաև

Չնայած ոստիկանները փորձում էին խոչընդոտել հուշաքարի տեղադրումը, ակտիվիստներին, այնուամենայնիվ, հաջողվեց տեղադրել այն: Շարժման անդամ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ իրենք շատ լավ հասկանում են` հուշաքարն այդ տարածքում վտանգված է:

Մոմավառությունից հետո բողոքի ակցիայի մասնակիցները փորձեցին շարժվել, ինչպես իրենք էին ասում, դեպի Ավան վարչական շրջանի կենտրոն: Ոստիկանները, սակայն, նրանց թույլ տվեցին միայն մի փոքր առաջ գնալ՝ ակտիվիստների ճանապարհը փակելով:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիպյանն ասաց, որ ի սկզբանե ակցիան անօրինական է. «Հաշվի առնելով մեր ազգային ավանդույթները և հարգելով հանգուցյալի հիշատակը` ոստիկանությունը թույլատրեց նման արարողություն՝ մոմավառություն: Խնդիր չկա: Մենք միանում ենք այս ձեր ակցիային, ցավում ենք հանգուցյալի հիշատակի հետ կապված, բայց խնդրում եմ, ակցիան արդեն անօրինական է»:

Փոխոստիկանապետն ասաց, որ ակցիայի մասնակիցները խախտում են Վարչական օրենսգիրքը, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի դրույթները: «Ես ձեզ թույլ չեմ տալու»,- հայտարարեց նա:

Նշենք, որ Վալերի Օսիպյանի խոսքի ընթացքում ակցիայի մասնակիցները հրաժարվում էին լսել նրան: Նրանք ոստիկաններին հիշեցնում էին, որ վերջիններս աշխատավարձ ստանում են իրենց մուծած հարկերից: Իսկ երբ վերջիններս փորձում էին խոչընդոտել հուշաքարի տեղադրումը, նրանք ասում էին. «Ու՞ր էին ոստիկանները, երբ ծեծում էին Վահե Ավետյանին»:

Բավական երկար բանակցություններից հետո ակտիվիստներին այդպես էլ չհաջողվեց առաջանալ: Նրանք վերադարձան ռեստորանային համալիրի տարածք, որտեղ նրանց տեղադրած հուշաքարն այլևս չկար:

Փոխոստիկանապետ Վ. Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունն այն չի հեռացրել: Նրա խոսքով` տարածքում գտնվող ոստիկաններին են մոտեցել մի քանի հոգի, ասել, որ իրենք ակցիայի կազմակերպիչներից են և հանել են այն: Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հեռացան տարածքից: Ի նշան բողոքի` Վարդգես Գասպարին պառկեց ռեստորանային համալիրին հարող տարածքում:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

vahe2 vahe3 vahe4 vahe5 vahe6 vahe8 vahe9 vahe10 vahe11

Տեսանյութեր

Լրահոս