Վահե Ավետյանի հարազատներին այցելել էին ընտանիքի հարազատները, մտերիմները, գործընկերները, ավագանու անդամներ (տեսանյութ)
Այսօր լրանում է ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ տարին: Առավոտյան Վահե Ավետյանի հարազատներին այցելել էին ընտանիքի հարազատները, մտերիմները, Վահե Ավետյանի գործընկերները, նրա հետ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում եղած Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանն ու Էդգար Նիկոյանը:
Երևանի Դրոյի փողոցում գտնվող Վահե Ավետյանի հարազատների բնակարան մեր կատարած այցելության ժամանակ այնտեղ էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանը և նրա 4 ընկերները ծեծի էին ենթարկվել: «Մուրացան» զինվորական հոսպիտալում մի քանի օր մնալուց հետո Վահե Ավետյանը մահացել էր: Հետագայում Վահե Ավետյանի դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետը դատարանում հայտնել է, որ նրա մահը վրա է հասել փակ գանգուղեղային վնասվածքներից, գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիայի խանգարումից:
Դեպքից որոշ ժամանակ անց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատերն է, վայր դրեց իր մանդատը:
«Հարսնաքարի» գործով մեղադրանք առաջադրվել է վեց հոգու՝ Արթուր Բաբլոյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Գարիկ Մարգարյանին, Նորայր Հայրապետյանին, Դավիթ Ադամյանին: Նրանցից 4-ը ռեստարանային համալիրում աշխատել են՝ որպես անվտանգության աշխատակիցներ, մեկը՝ մատուցող, մյուսը՝վարորդ-առաքիչ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին. Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Դատարանում մեղադրյալնեըը հայտնել են, որ իրենց առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, ինչպես նաև՝ 113-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև՝ 118-րդ հոդվածով: Բոլոր մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս գործից նաև մաս է անջատվել, որը քննվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Վահե Ավետյանի իրավահաջորդ ճանաչվել է նրա հայրը՝ Գառնիկ Ավետյանը, ով դատական նիստերին չի ներկայանում: