«Իմ մարդասպան շունը» (տեսանյութ)
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում այս տարի ներկայացված է երիտասարդ կին ռեժիսոր Միրա Ֆորնայի՝ Չեխիայի և Սլովակիայի համատեղ արտադրության «Իմ մարդասպան շունը» դրաման:
Ֆորնայի առաջին լիամետրաժ ժապավենը՝ «Աղվեսիկները» էկրան է բարձրացել 2009 թվականին՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի Քննադատների միջազգային շաբաթվա մրցույթում, ապա ֆիլմը շրջել է այնպիսի նշանավոր փառատոներով, ինչպիսիք են՝ Պուսանի, Վարշավայի, Ստոկհոլմի, Ռոտերդամի, Սիեթլի փառատոնները: Այդ ֆիլմի համար Ֆորնայը հայրենիքում արժանացել է Սլովակիայի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակին՝ որպես 2008-2009-ի լավագույն երիտասարդ ռեժիսոր, Սլովակիայի կինոքննադատների պարգևին (2010) և մինչև 35 տարեկան ամենատաղանդավոր ռեժիսորին Տատրա բանկի կողմից շնորհվող մրցանակին (2010): «Իմ մարդասպան շունը» Միրա Ֆորնայի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է, որը տարբեր մրցանակների է արժանացել մի քանի միջազգային կինոփառատոններում:
Ֆիլմը պատմում է 18-ամյա Մարեկի մեկ օրվա կյանքի մասին: Նա ապրում է Սլովակիայի և Մորավիայի սահմանագծին՝ հոր և խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը, այնուամենայնիվ, շունն է: Մարեկի կյանքը տակնուվրա է լինում, երբ նա բացահայտում է իր կորած մոր գաղտնիքը:
Հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Իմ մարդասպան շունը» դրաման կհայտնվի երևանյան կինոէկրաններին: