Վաղը լրանում է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ տարին

Վաղը լրանում է զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ տարին: Վահե Ավետյան նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դեռևս մեկ տարի առաջ գործող վարչակազմը կոչեր էր անում քաղաքացիական հասարակությանը չշտապել, սպասել արդարադատությանը:

Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ մեկ տարվա ընթացքում գործող վարչակարգը ձգձգելով դատական պրոցեսը՝ փորձել է հոգնեցնել քաղաքացիական հասարակությանը, կոծկել հանցագործությունն ու մեղավորներին արժանի պատժից զրկել:

Գ. Չուգասզյանի խոսքով՝ այս ընթացքում նախաձեռնող խմբի անդամները գործեր են հարուցել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ, որոնք մերժվել են. «Անգամ դատական պաշտպանության ֆունդամենտալ սկզբունքը հերթական անգամ բռնաբարվեց»:

Գարեգին Չուգասզյանն ուշադրությունը հրավիրեց նրա վրա, որ Ռուբեն Հայրապետյանը որոշ ժամանակ անց պարգևատրվեց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Ըստ նրա՝ Հայաստանի պետական համակարգը լծված է Ռուբեն Հայրապետյանին մաքրելու գործին:

Կարդացեք նաև

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ ասաց, որ անպատժելիությունը Հայաստանում հանգեցրեց մեկ այլ զինվորականի նկատմամբ բռնության կիրառմանը: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների մասին է, որի հետևանքով Ավետիք Բուդաղյանը մահացավ, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, հրազենային վնասվածք ստացավ: Հրանուշ Խառատյանը նշեց, որ ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվում են Սուրեն Խաչատրյանի տարբեր տարիների արարքների մասին հոդվածներ, որոնք, սակայն, իրավական գնահատական չեն ստանում:

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ ոչ միայն գործադիր իշխանությունը, այլև դատական և արդարադատության համակարգը տեղում չէ:  Ըստ նրա՝ «Հարսնաքարի» գործի «կոծկումն»  իրեն հիշեցնում է՝ ինչպես են կոծկվել Սումգայիթյան ջարդերը:

«Երկրի ղեկավարությունն ուզում է պարզապես վարժեցնել ժողովրդին այս անօրինությանը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

«Կոծկվում է հանցագործությունը՝ բոլոր ձևերով»,- ավելացրեց նա՝ հավելելով, թե հանցագործության հետքերը լվացվել են: Ըստ նրա՝ այժմ գործ ունենք այն վարկածի հետ, որը «բերվել է որոշ նպատակներով»:

Գարեգին Չուգասզյանը հայտարարեց. «Հայաստանում առկա արդարության ճգնաժամի, մասնավորապես՝ իրավապահ և արդարադատության մարմինների ու պաշտոնատար անձանց հանցավոր անգործության, հանցագործությունները դիտավորությամբ և համակարգված կերպով կոծկելու և դրանք կառավարող անձանց հովանավորելու պայմաններում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտություն կա»: Նա նաև ազդարարեց, թե մեկնարկում է այդ հանրային  տրիբունալը ստեղծելու գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս