Մարմարաշենում դանակահարված երիտասարդը պատմում է դեպքի մանրամասները

Հունիսի 23-ին, ժամը 22:45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996թ. ծնված Իսրայել Հովհաննիսյանը և 1993թ. ծնված Սիմոն Հովհաննիսյանը: Վերջինս այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի էնդոկրին վիրաբուժության բաժնում:

Այսօր բժշկական կենտրոն մեր այցելության ժամանակ Սիմոն Հովհաննիսյանը պատմեց դեպքի մանրամասները: Նախ՝ նա ասաց, որ տեղի ունեցածի արդյունքում ինքը դանակի 6 հարված է ստացել, ապա նշեց, որ ինքը դեպքի օրը «բանակի քեֆի» էր գնացել, այդ ընթացքում զանգահարել են իր ընկերոջ բջջային հեռախոսահամարին և տեղեկացրել, որ իր 18-ամյա եղբորը ծեծել են: Նրա խոսքով՝ հետո իմացել է, որ իր հարազատ եղբայրն ու իրենց մի քանի բարեկամներ փողոցով անցնելիս են եղել, նույն փողոցով մեքենայով անցել են նաև այլ մարդիկ. «Սիգնալ են տվել: Եղբորս հետ եղած փոքր երեխաները դիմացն են եղել, էլի սիգնալ են տվել, կանգնել են, իջել են ու խփել են»:

«Իմացա՝ ով է: Ժամանակին իրար հետ նորմալ հարաբերություններ են եղել: Նույնը՝ իր եղբայրների հետ, ոչ մի ձևի կոնֆլիկտ մեր մեջ չի եղել: Եկանք գյուղ, հետո զանգեցի, իր փոխարեն՝ լրիվ ուրիշ մարդ վերցրեց, ասեցի՝ կարո՞ղ ենք հանդիպել, խոսել, ասաց՝ հա՛: Ասեցի՝ սպասում եմ քարի ցեխի դիմաց, արի՛ խոսենք: Կես ժամ անցնում է, մեկ անգամ էլ եմ զանգում, հարցնում եմ՝ ի՞նչ եղաք, չե՞ք գալիս: Ասում է՝ չե՞ք կարող դուք գալ: Ասացի՝ եղբայրդ ասեց, որ դուք կգաք, դրա համար մենք չեկանք, բա՝ լավ, սպասե՛ք, մոտակա 10 րոպեների ընթացքում մենք կգանք»,- պատմեց Սիմոն Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ որոշ ժամանակ անց, ըստ պայմանավորվածության, այն անձինք, ում հետ պիտի խոսեին, իջել են մեքենաներից, իրենց նորմալ բարևել են:

«Ով որ փոքր եղբորս խփել էր, պտտվեց՝ մեծ եղբորս խփեց, մինչև թեքվեցի, հետևիցս դանակով հարվածեցին: Ես նկատեցի դա: Այդ ընթացքում որ հարվածեցին, ինձ գցեցին գետնին, հարվածում էին, հետո հորեղբորս տղան եկավ, ասեց՝ հանգստացե՛ք, արա՛, էս ի՞նչ եք անում: Մի պահ նայեցի հորեղբորս տղայի դեմքին, նկատեցի, որ դանակով ուզում էին խփել, ձեռքով ուժ հավաքեցի, ձեռքս պահեցի դիմացը, հարվածեցին ձեռքիս: Հետո գիտակցությունս կորցրեցի, բան չեմ հիշում»,- պատմում է Սիմոն Հովհաննիսյանը:

Նա հիշում է նաև, որ ընկած է եղել խոտերի մեջ, երբ մի քանի հոգի հարվածում էին իրեն: Նրա խոսքով՝ այդ պահին ինքը փորձել է ուժ հավաքել և ոտքով հարվածել, սակայն հարված է ստացել ոտքին. «Ու միանգամից նստեցին մեքենաներն ու փախան»:

Սիմոն Հովհաննիսյանի հայրը yerkir.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր որդուն և եղբորորդուն դանակահարածների փոխարեն՝ ոստիկանները բռնել են «երկու խեղճերի», ովքեր դանակահարության հետ կապ չունեն: Սիմոն Հովհաննիսյանը հաստատեց հոր ասածը. «Ես երեկ հանդիպեցի այդ մարդու հետ, որ գործը վերցրել էր իր վրա, բայց ընդհանրապես կապ չուներ այդ գործի հետ»:

Նա հայտնեց, որ իր ցուցմունքում հայտնել է՝ ով է իրական հանցագործը:

Նա հաստատեց նաև այն, որ բացի հարվածելուց՝ իրենց վրա նաև ծիծաղել են: «Դա իրենց պրոբլեմն է»,- ասաց նա՝ հավելելով, որ մեղավորները պատժվելու են:

Խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Սիմոն Հովհաննիսյանն ասաց, որ առողջական վիճակը «դեպի լավն է գնում», իսկ իր հորեղբոր որդին դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

«Հիմա նորմալ է, դեպի լավն է գնում»:

Տեսանյութեր

Լրահոս