Լյուդմիլա Սարգսյան. На воре шапка горит. Հիմա Տիգրան Սարգսյանն այս վիճակում է
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է երեք կետի, որոնցից մեկը, ինչպես նա է նշել՝ «օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիան է»։ Տ. Սարգսյանը նաև ասել է. «Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել»:
Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Վարկաբեկված մարդուն կարիք չկա լրացուցիչ վարկաբեկելու: Տարօրինակ է, որ սպեկուլյանտն է խոսում սպեկուլյացիայի մասին: Սովորաբար ասում են` на воре шапка горит. Հիմա Տիգրան Սարգսյանն այս վիճակում է»:
ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց վարչապետի ԱԺ-ում հնչեցրած հայտարություններից մեկը. «Մեր մեղքերն այնքան շատ են, մեր բացթողումներն այնքան շատ են, խոսեք մե՛ր մեղքերի մասին, և ոչ թե մեզ անհիմն մեղադրեք,- ապա դիմելով վարչապետին՝ հայտարարեց,- Պարոն Սարգսյան, Դուք անկեղծ չէիք, ինչպես միշտ: Դուք իսկապես մեղավոր եք երկրի, տնտեսության քայքայման, կոռուպցիայի, ՍԴՀԿ-ն և քաղաքական այլ միավորներ ոչնչացնելու մեջ»:
Լյուդմիլա Սարգսյանը շեշտեց նաև, որ եթե Տիգրան Սարգսյանը գիշերը «գլուխը բարձին է դնում», պետք է իրեն հարց տա` համահո՞ւնչ է ապրում իր խղճի հետ. «Չէ՞ որ այս ամենը մի օր վերջանալու է: Չէ՞ որ մի օր այդ նույն դագանակը նրա գլխին է կախվելու»:
Ինչ վերաբերում է օֆշորային պատմությանը, ապա, ՀԱԿ պատգամավորի գնահատմամբ՝ Հայաստանում գեթ մեկ մարդ չկա, որ կասկածի այս պատմության հավաստիության մեջ: Ըստ նրա` Հայաստանում չկա մի մարդ, ով կարող է առանց Տիգրան Սարգսյանի համաձայնության, իմացության կամ երաշխավորման՝ բանկից 10 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ վերցնել:
«Նա հանցակից է, ու նրա վարչապետությունն այսօր մեր ժողովրդի համար մեծագույն վտանգ է ներկայացնում, որովհետև վերջին հույսն էլ է սպանում»,- եզրափակեց Լյուդմիլա Սարգսյանը: