«Մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն». ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է, իր իսկ խոսքերով, «մի շատ տհաճ երևույթի»։ Խոսքը վերաբերում է կառավարությն դիմաց պարբերաբար կազմակերպվող բողոքի ակցիաներին։ Ներկայացնում ենք Տ. Սարգսյանի ելույթն ամբողջությամբ։
* * *
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Այսօր իմ աշխատակազմը զեկուցում էր ինձ մեր քաղաքացիներից ստացվող բողոք-նամակների խնդրի մասին, և մի շատ տհաճ երևույթի հետ գործ ունենք, որը վերաբերում է մեր նախարարությունների միջին օղակի աշխատակիցներին։ Շատ հաճախ կառավարության շենքի դիմաց հավաքվող մարդիկ բողոքում են և ինչ-որ խնդիրների լուծում են պահանջում: Նրանց այստեղ հայտնվելը պայմանավորված է այն հանգամանքով, որ միջին օղակի չինովնիկները պատասխանում են հետևյալ կերպ. մենք ի՞նչ անենք, կառավարությունը պետք է որոշում ընդունի։ Դա անթույլատրելի մոտեցում է, այսինքն` մարդկանց ուղղորդում են, որ գան, կառավարության դիմաց հանրահավաք անեն։ Կոմպետենտ չե՞ն այդ միջին օղակի աշխատողները, թե՞ հատուկ են դա անում. իրենց լիազորություններին վերաբերող հարցերի վերաբերյալ գոնե պարզաբանումներ տալու փոխարեն այդ մարդկանց ուղղորդում են կառավարություն։ Սա անթույլատրելի է։ Ես այսուհետև բոլոր նախարարներին կուղարկեմ իրենց ոլորտներին վերաբերող հարցերը, որ գալիս են, ինձ են դիմում։ Ճիշտ չէ դա, հարգելի գործընկերներ։
Երկրորդ հարցը. նախորդ նիստին ես հայտարարեցի, որ որևիցե հարց, քննադատություն, որ հնչում է մեր հասցեին, անպատասխան չպետք է մնա, և մենք պարտավոր ենք ամբողջական տեղեկություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին։ Մասնավորապես, այսօր օրակարգում երեք խնդիր կա, որոնք պահանջում են մանրակրկիտ բացատրություններ։
Առաջինը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված խնդիրն է` 14 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծախսվել է դասախոսությունների վրա։ Մենք մանրակրկիտ տեղեկություն տրամադրել ենք զանգվածային լրատվության միջոցներին, բայց այդ թեման նորից շարունակում են շոշափել ինչ-որ ենթատեքստերով, թե այդ միջոցները փոշիացվել են և այլն։ Եվս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկատվությունն այսօր կտրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի մենք վերացնենք այն քաղաքական սպեկուլյացիաների հիմքերը, որոնցով շատ հաճախ անարդարացի օգտվում են ոչ բարեխիղճ լրագրողները։ Այդ ֆինանսական միջոցների բաշխման վերաբերյալ պայմանագրերը կնքված են եղել 2007 թվականին, երբ նույնիսկ ստեղծված չէր գործակալությունը։ Մրցույթն անցկացրել է ամերիկյան կողմը, իրենք են հաղթողին ճանաչել, իրենք էլ պայմանագիրը կնքել են, իրենք էլ դրամաշնորհը տվել են և աուդիտ են իրականացրել, արդյունքներն էլ գնահատել են խիստ արդյունավետ։ Թե ինչ ենթատեքստեր են այստեղ որոնում մեզ քննադատողները, ուղղակի հասկանալի չէ, և ևս մեկ անգամ այդ ամբողջական տեղեկությունը կտրամադրվի այսօր զանգվածային լրատվության միջոցներին։ Թե 14 միլիոնի հետ կապված ինչ խնդիր կա ընդհանրապես, և մեղադրանքի իմաստն ինչ է, անհասկանալի է։
Երկրորդը «Նաիրիտ» գործարանի խնդիրն է: Արդեն բավական երկար ժամանակ լրատվամիջոցները մեծ ռեսուրսներ են ծախսում, անհասկանալի ինչ-որ սցենարներ են նկարագրում և փորձում են կապել այդ ամենը վարչապետի անվան հետ։ Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են «Նաիրիտ»-ին, ունեն հիմք. դրանք կառավարության որոշումներն են` 2001 թվականի, 2006 թվականի, երբ կառավարությունն ստորագրել է պայմանագիր «Ռայնովիլ» ընկերության հետ։ Դրանից հետո էլ բոլոր գործարքների վերաբերյալ, – ինչ գործարքներ եղել են, ինչ պայմանագրեր ստորագրել են, – ես հանձնարարել եմ մեր լրատվական ծառայությանը, որ այսօր ամբողջական փաթեթը տրամադրվի զանգվածային լրատվության միջոցներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիա չլինի։
Երրորդը` օֆշորային գոտու հետ կապված քաղաքական սպեկուլյացիան է։ Ինչ հեքիաթներ ասես չեն հորինում` փորձելով վարկաբեկել։ Ամբողջական տեղեկությունը հասանելի է լինելու զանգվածային լրատվության միջոցներին, և այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմիններն զբաղվում են այդ հարցով: Ես համոզված եմ, որ որևիցե անպատասխան հարց չի մնալու, և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ, օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել, և այստեղ էլ մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և՛ հասարակությանը, և՛ զանգվածային լրատվության միջոցներին։
Երրորդ խնդիրը. կառավարության նախորդ նիստում մենք խոսում էինք Վերահսկիչ պալատի հաշվետվության մասին, և ես հանձնարարել եմ բոլոր գերատեսչություններին հրապարակային ձևով ներկայացնել իրենց ոլորտներին վերաբերող ակտերի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Այսօր ես հանձնարարում եմ Վաչե Գաբրիելյանին` աշխատակազմի ղեկավարին, որպեսզի նա կազմի ժամանակացույց` ձեզ հետ նախապես համաձայնեցնելով, որպեսզի բոլոր գերատեսչությունների ղեկավարները, նախարարները հանդիպեն զանգվածային լրատվության միջոցներին և իրենք պատասխանեն բոլոր այն հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են մեր հանրությանը։ Սա պարտադիր պայման է, որ բոլոր այն հարցերը, որոնք արձանագրվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, գերատեսչությունների ղեկավարների, նախարարների կողմից պետք է անպայման պատասխան ստանան։ Անպատասխան որևիցե հարց չպետք է մնա։ Սա է ճանապարհը, որով մենք շարժվելու ենք առաջ։