Լյուդմիլա Սարգսյանը՝ Գուրգեն Եղիազարյանի մասին. Նրա տեսակն անկրկնելի է, նրան փոխարինել հնարավոր չէ
Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ
– ՍԴՀԿ այլևս նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ դուրս է եկել կուսակցությունից ու ապագայում պատրաստվում է սոցիալիստական նոր ալյանս հիմնել: Ձեր արդեն նախկին կուսակցի որոշմանն ինչպե՞ս եք վերաբերվում: Արդյոք Ձեզ համար այս քայլն անակնկա՞լ էր, կլինե՞ն նրան փոխարինողներ:
– Ամեն մի քաղաքական գործչի կյանքում գալիս է մի պահ, երբ մարդը պետք է հետևություններ անի և տեսնի` ինչպես է առաջ գնում: Գուրգեն Եղիազարյանի որոշումն այս ենթատեքստում եմ դիտարկում ու հարգում եմ: Ավելին` ես տեղյակ եմ եղել նրա դուրս գալու նպատակներին: Հետևաբար, ինձ համար անակնկալ չէր նրա որոշումը: Մեր այս տարիների համատեղ աշխատանքը ես համարում եմ արդյունավետ: Գուրգեն Եղիազարյանի ավանդն այնքան մեծ ու անուրանալի է ՍԴՀԿ-ի քաղաքական գործունեության մեջ, որ ես նրան տեսնում էի միայն ՍԴՀԿ-ում: Մեր մեջ երբևէ չի եղել առաջին-երկրորդ`իմ ատենապետությունը, իր վարչության համակարգումը կրել է ձևական բնույթ: Մենք իրար հետ էինք դիտարկվում՝ որպես ՍԴՀԿ ղեկավարներ: Նրա տեսակն անկրկնելի է, նրան փոխարինել հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է նրա՝ սոցիալիստական ալյանսի մասին հայտարարություններին, դեռևս երկու տարի առաջ նա ասում էր, որ նման ցանկություն ունի` ձևավորել միավոր: Սոցիալիստական դաշտն այսօր շատ է նեղացել, իսկ կյանքը ցույց է տալիս, որ բարբարոս կապիտալիզմով առաջ գնալ հիմա հնարավոր չէ, ես ողջունում եմ նրա այս գաղափարը: Եթե նա ՍԴՀԿ-ից դուրս կստեղծի սոցիալիստական ալյանսը, կարծում եմ, մենք կհամագործակցենք, որովհետև մենք պայքարի ընկերներ ենք, կուսակիցներ ենք, ու մեր նպատակները զուգահեռ են:
– Ազգային ժողովում վերջին նիստերի ժամանակ ամբիոնից վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրեցիք ՍԴՀԿ-ն «պառակտելու մեջ»: Հիմա էլ Գուրգեն Եղիազարյանը որոշեց լքել ՍԴՀԿ-ն, թեև ինքը 168.am-ի հետ զրույցում հերքեց, թե հուսահատվել է դատական այս երկար պրոցեսից: Ի՞նչ եք կարծում, դատական այս գործընթա՞ցն է ստիպել է նրան նման որոշում կայացնել:
– Կարծում եմ` ինքը որոշակիություն էր ուզում տեսնել: Ես լավատես եմ: Անկախ ամեն ինչից՝ մենք ճիշտ ենք: Ճիշտ է, սա քաղաքական պատվեր է, սակայն, քաղաքական իրավիճակը կարող է նպաստել դատական արդարացի վճռի կայացմանը: Իսկ սրան նպաստել է Տիգրան Սարգսյանի ակնհայտ վարկաբեկված կերպարը, ով մնացած իր բոլոր հանցագործությունների հետ միասին՝ հանցավոր է նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի ոչնչացման մեջ, ինչը Տ. Սարգսյանին թեև լիարժեք չի հաջողվել, բայց վերջինս շարունակում է ընդդիմության ոչնչացման մեջ իր դերակատարությունն ունենալ: Չեմ բացառում, որ մի օր իր ձեռքը կբռնեն ու կասեն՝ բավական է: Չգիտեմ՝ ով կբռնի, ինչպես, բայց ես լավատես եմ:
– Տիկին Սարգսյան, Գուրգեն Եղիազարյանին չե՞ք փորձել համոզել հետ կանգնել իր այդ որոշումից: Այնուամենայնիվ, տպավորություն է ստեղծվում, որ Տիգրան Սարգսյանին հաջողվել է «պառակտել» գոնե ՍԴՀԿ-ն:
– Ես այդպես չեմ ուզում գնահատել: Գուրգեն Եղիազարյանն ուժեղ մարդ է` նա նահանջող տեսակը չէ: Պարզապես դատական գործի ձգձգման հանգամանքը նրա ծրագրերն ինչ-որ տեղ սահմանափակել էր: Միգուցե նա ուզում է ավելի ակտիվ գործունեությո՞ւն ծավալել` առանձին միավորով:
– Իսկ դատական այդ գործընթացն ի՞նչ ծրագրեր էր սահմանափակում:
– Սա պարզապես անորոշություն է: Մեր երկրում արդարությունը սովորաբար չի հաղթում: Գուրգենն ավելի լավ գիտի այս համակարգը: Գուցե ես լավատես եմ, բայց լավ պատկերացնելով համակարգը՝ երևի որոշել է այս քայլին դիմել: Բայց երբեք չեմ մտածել ու չեմ մտածի, որ նա նահանջում է կամ հուսահատվել է: Դա իր տեսակի համար չէ: