Ինչու է Գուրգեն Եղիազարյանը լքում ՍԴՀԿ-ն

Երեկվանից Գուրգեն Եղիազարյանը որոշել է լքել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինքը` ՍԴՀԿ արդեն նախկին անդամ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանը: «ՍԴՀԿ-ում դե յուրե «արդար» իշխանությունների ամենավերջին խարդախությունների շնորհիվ՝ Պերկուպեկյանին (Գևորգ Պերկուպեկյան.- Տ.Մ.) նշանակեցին ատենապետ, ասացին` նշանակենք քեզ, որ մենք ստեղ մի քիչ երկիրը վերջնականապես քայքայենք, հայաթափենք` վերջացնենք, այս ծրագիրն իրականացնենք: ՍԴՀԿ-ն՝ որպես կառույց, դե յուրե չկա: Դրա համար ես որոշում եմ կայացրել՝ դուրս գալ կուսակցությունից»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Սեդրակ Աճեմյանն, ով, ըստ մի շարք հրապարակումների, վարչապետ Տիգրան Սարգսյանի ընկերն է, իր կողմնակիցների հետ դատարանի միջոցով փորձեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից պահանջել կուսակցության փաստաթղթերը, կնիքը, դրոշը և այլն: Սակայն վերջինս չի համաձայնում պահանջներին ու համարում է, որ կուսակցության ատենապետն ինքն է: Գուրգեն Եղիազարյանը շեշտեց, որ եթե այս ընթացքում համահնչակյան կառույցը գնա «ինքնամաքրման», հասկանա, որ իր առաքելությունը՝ որպես կուսակցություն՝ երկիրը քանդող, ավերող իշխանության կողքին կանգնելը չէ,  կմիանա Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը. «Այս կուսակցությունը ստեղծվեց, երբ հայը ոչնչացման եզրին էր գտնվում Արևմտյան Հայաստանում, ու ՍԴՀԿ-ն հայապահպանման հարցում իր ներդրումն ունեցավ: Բայց էսօր, արի ու տես` հակառակն է: Մեր երկրի ներսում, մեր երկիրը քանդում են` սրանք գնացել-կանգնել են քանդողների կողքին: Եթե համահնչակյան առաջիկա համագումարում անարգանքի սյունին գամվի էս քաղաքականությունը, որ կուսակցությունը որդեգրել է վերջին 5 տարիների ընթացքում, ես կմիանամ հնչակյաններին: Խնդիր չեմ տեսնում»: Ըստ նրա` Հնչակյան կուսակցության շուրջ ստեղծված այս պատմություններն «անիմաստ» են ու բոլորի աչքի առաջ վարկաբեկում են սոցիալիստական գաղափարախոսությունը: «Մեկը ստեղից էն է ասում, Սեդրակը մի բան է ասում, մնացածը թյուրիմացության մեջ են… »,- ասաց նա` ավելացնելով, որ շարունակելու է պայքարել, չի հուսահատվել, պարզապես` խնդիրն այլ հարթություն է ցանկանում տեղափոխել: Նա հայտնեց, որ ցանկություն ունի ստեղծել սոցիալիստական գաղափարախոսությամբ նոր կուսակցություն և հիմա բանակցությունների մեջ է: ՍԴՀԿ այլևս նախկին անդամը փակագծերը չբացեց, բայց հույս հայտնեց, որ, հավանաբար, աշնանն այս մասին ավելին մանրամասն տեղեկություններ կհաղորդի:

Տեսանյութեր

Լրահոս