Երբ «Նարինեի» այդ խմբաքանակն այլևս շուկայում չէ և վտանգ չկա, դրա մասին խոսելը՝ պոպուլիզմ է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի հրամանով արգելվել է «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել լաբորատոր փորձաքննության արդյունքները, որով նշված երկու արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է արտադրամասում հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարական:

168.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այդ որոշումը սպառողների շահերի պաշտպանությանը չի նպաստում. «Ծափահարում եմ այդ երևույթին, որ ծառայությունը որոշել է վտանգ հայտնաբերել ու ասել դրա մասին, բայց հունիսի 21-ին պետի հրամանով արգելք է դրվել 2 արտադրատեսակների արտադրության վրա: Հունիսի 14-ին լաբորատոր փորձաքննության արդյունքում հաստատվել է վտանգավորությունը, այսինքն՝ առաջին անգամ հայտնաբերվել է ամսի 14-ից էլ ավելի շուտ՝ մոտ ամսի 10-ին:

«Նարինեի» պիտանելիության ժամկետը թող լինի 7 օր, ոչ ավելի: Ամսի 17-ին, երբ այդ «Նարինեն» այլևս շուկայում չէ, հայտարարում եք, որ հայտնաբերել եք, դա պոպուլիզմ է: Դա սպառողի շահերի պաշտպանությանը չի կարող նպաստել: Հայտնաբերեցիր, պիտի ասես, որ ով գնել է՝ չօգտագործի, կամ չգնի, կամ արագ հետկանչի գործընթաց սկսվի: Իսկ երբ այլևս վտանգ չկա, դրա մասին խոսում ես, դա պոպուլիզմ է: Տեսե՛ք՝ այնտեղ պաղպաղակից խոսում են, որ գործ չենք անում, բայց գործ են անում: Անհաջող փորձ»:

Տեսանյութեր

Լրահոս