Եվրոպական արտհաուսը կպայքարի երևանյան կինոփառատոնում (տեսանյութ)

Բելգիացի կինոռեժիսոր Պետեր Բրոզանսը և ամերիկացի Ջեսիքա Վուդուորթը «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացրել են իրենց երրորդ համատեղ լիամետրաժ աշխատանքը՝ «Հինգերորդ եղանակը»: Բելգիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի համատեղ արտադրության արտհաուսային այս դրաման անցյալ տարի մասնակցել է Վենետիկի միջազգային կինոփառատոնին և արժանացել է երկու մրցանակի:

 

Սինոփսիս

Ձմռանը ծառերը սկսում են ընկնել:
Արդենյան անտառի խորքում գտնվող գյուղում ապրում են մեկուսի դեռահաս Թոմասը և կաթնագործ ագարակատիրոջ  դուստր Ալիսան: Թոմասը, գայթակղելով աղջկան, տանում է քարհանք, որտեղ նրանք ճաշակում են տարփանքի առաջին պահերը:

Շրջիկ մեղվապահ Պոլը և նրա պակասավոր որդի Օկտավը իրենց ֆուրգոնը կայանել են գյուղական  թեյարանի մոտ: Նրանք միանում են տեղացիների ամենամյա խարույկահանդեսին` նշելով ձմռան ավարտը: Բոլորի տրամադրությունը բարձր է, սակայն տոնախմբությունն ընդհատվում է, երբ չի հաջողվում խարույկը վառել: Հեռվում մի ծառ է տապալվում  գետնին: Խուճապը տիրում է ամբոխին:
Գարուն, երբ բնության շրջապտույտը խափանվում է:
Պոլի մեղուները սատկում են: Մի սերմ անգամ չի ծլում դաշտերում: Կովերը հրաժարվում են կաթ տալ: Ճգնաժամը համատարած է: Կենդանիներին գոմերն են անում: Ընկնում է առաջին զոհը:
Ամառ, երբ հուսահատությունը վնաս է հասցնում: Միջատները շատանում են, միջոցները սուղ են: Անցնող ծաղկավաճառը կարճատև  ուրախություն է բերում: Հարաբերությունները փշրվում են: Հոգիները թափառում են: Միայն Օկտավն է հույս փայփայում, մինչև որ լռեցնում են:
Աշուն, երբ հրեշտակներն են թևածում:
Հողը մնում է քնած: Ալիսան մարմինն է վաճառում պարենի համար: Թոմասը  գողություն է անում ծնողներից: Օկտավը անշարժ նստած է ընդարմացման մեջ: Պոլը որոշում է փախչել: Բայց չի կարող: Գյուղացիները չեն թողնի:

Հուլիսի 7-ից 14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում «Հինգերորդ եղանակը» դրաման կհայտնվի երևանյան կինոէկրաններին: Այն ներկայացված է փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում:

Տեսանյութեր

Լրահոս