Կահիրեում և Եգիպտոսի մյուս քաղաքներում մտցվել են բանակային ստորաբաժանումներ
Եգիպտական Al-Masry Al-Youm պարբերականի փոխանցմամբ՝ Եգիպտոսի ղեկավարությունն այսօր՝ հակակառավարական համազգային հանրահավաքի շեմին, Կահիրե և այլ քաղաքներ է մտցրել բանակային ստորաբաժանումներ:
Այս մասին պարբերականին հայտնել է Եգիպտոսի ՊՆ-ում եղած աղբյուրը: Վերջինիս խոսքերով՝ բանակը պահպանելու է ռազմավարական կարևորության օբյեկտները, այդ թվում նաև էլեկտրակայանները, ամբարտակներն ու Սուեզի ջրանցքը:
Բացի այդ, ուժեղացվելու են օտար դեսպանատների ու ներկայացուցչությունների, ինչպես նաև կառավարական կառույցների շենքերի անվտանգությունը: Պետական հեռուստառադիոընկերությունն ու մի շարք ԶԼՄ-ների խմբագրություններ նույնպես կգտնվեն վերահսկման տակ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները նախագահական նստավայրի մատույցներում կառուցել են բետոնե բլոկներով արգելապատնեշներ և անցկացրել են լարափակոցներ: Տվյալ տարածքում կենտրոնացվել է ազգային գվարդիան և զրահատեխնիկա:
Հանրահավաքները նշանակված են հունիսի 30-ին՝ կապված նախագահ Մուհամմեդ Մուրսի երդմնակալության միամյակի հետ: Ակնկալվում է, որ դրանց կմասնակցեն տասնյակ, հնարավոր է նաև հարյուր հազարավոր մարդիկ: Եգիպտոսի բուժհիմնարկները պատրաստվում են ոստիկանության հետ առաջիկա բախումների հետևանքով վիրավորների հնարավոր ներհոսքին:
Ցուցարարների առաջնորդները հայտնել են, որ Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին կառավարման մեկ տարում չի լուծել իր առջև ծառացած առաջադրանքներից և ոչ մեկը և փոխարենը երկրում զբաղվել է ավտորիտար ռեժիմի հիմնմամբ: