Հնդիկ լրագրողն աղետի գոտուց ռեպորտաժ է վարել ջրհեղեղը վերապրածներից մեկի վրա նստած վիճակում (տեսանյութ)
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ հնդիկ լրագրող Նարայան Փարգայենը յուրօրինակ ձև է պատրաստել երկրում տիրող ջրհեղեղի մասին իր տեսանյութը: Լրագրողը դա արել է ջրհեղեղը վերապրած տեղաբնակներից մեկի վրա նստած վիճակում՝ հայտնելով կործանիչ աղետի զոհերի մասին:
Դրա համար նա արժանացել է հեռուստադիտողների քննադատությանը, որոնք լրագրողի պահվածքը որակել են որպես անմարդկային և սխալ:
Այդ տեսանյութը տեղական News Express հեռուստաալիքի, ուր աշխատում է լրագրողը, կայքում հայտնվել է հունիսի 22-ին և հավաքել է ավելի քան 11.000 դիտում (կայքի տեսանյութերի մեծ մասի դիտումները չեն անցնում 500-ից): Լրագրողի կարծիքով՝ իրեն քննադատելն անարդար է:
Նա ընդգծել է, որ ջրհեղեղի հետևանքները սարսափելի են, շատերը զրկվել են տանիքից, ջրից ու սննդից, իսկ ինքն ու իր նկարահանող թիմը երեք օր շարունակ գտնվել են կիսով չափ ջրի տակն անցած ավանում և տեղաբնակներին ցուցաբերել են ամեն հնարավոր օգնություն՝ փող և սնունդ: