Դեռևս պարզ չէ՝ Արտակ Բուդաղյանին որպես տուժող կճանաչե՞ն, թե՞ ոչ
Նախօրեին ՀՀ ՊՆ քննչական վարչությունը հետաձգել էր Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու պահանջի մասին որոշման կայացումը: 168.am-ը քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք արդեն կայացվե՞լ է նման որոշում, թե՞ ոչ: Ի պատասխան նա ասաց, որ դեռևս պարզ չէ՝ ե՞րբ քննչական ծառայությունը կկայացնի որոշումը:
«Նախաքննության ընթացքում կանդրադառնան այդ հարցին»,- ասաց Մերի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ժամը 23:00-ի սահմաններում Գորիսում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչել էին կրակոցներ: Փոխհրաձգության արդյունքում Ավետիք Բուդաղյանը մահացել էր, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը ձերբակալվել էին. Նրանց ռջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 112-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։