Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ կանե՞ն, թե՞ ոչ
«Իրեն տարիներ շարունակ հանում են, բայց մինչև հիմա ոնց որ թե վարչապետություն է անում»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանը` ի պատասխան հարցին, թե արդյոք օֆշորային սկանդալի արդյունքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական կտա՞, թե՞ ոչ:
Արմեն Մարտիրոսյանը Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը մի փոքր բարդ համարեց, քանի որ, ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանը համարվում է, այսպես ասած, «արևմտյան արժեքներ կրող վարչապետ»:
«Մենք, ըստ էության, Եվրոպական միության հետ ասոցիացման պայմանագրի շեմին ենք… Եթե վարչապետին հանեն, այդ դեպքում ես չեմ տեսնում իշխանության մեջ որևէ մեկին, որին կարող են որպես արևմտյան կողմնորոշման, խելացի, գիտակ, ինչ-որ այդպիսի պատկերացումներին համապատասխան մեկին բերեն և առաջադրեն վարչապետի պաշտոնում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Երկրորդը, ցանկացած պարագայում այս վարչապետը նախագահի համար, կարծես թե, բավականին ձեռնտու վարչապետ է. սեփական խոշոր թիմ չունի, նախագահի բոլոր ասածները իրականացնում է, մեծ հավակնություններ չունի, այսպես ասեմ, նույնիսկ «գորշ կարդինալի» հավակնություններ չունի, ուստի որպես անձնավորություն` նաև այս հինգ տարիների ընթացքում ցույց է տվել, որ շատ ձեռնտու տարբերակ է նախագահի համար»,- կարծիք հայտնեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` վերջապես, եթե տեղի ունեցած բոլոր բացասական երևույթները, որոնք կապվում են կառավարության գործունեության հետ, դիտարկվեն արդարության և հավասարության պրիզմայով, և վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվի, դա նշանակում է, որ մյուս բոլոր օղակների ղեկավարները նույնպես պետք է հեռացվեն աշխատանքից, Ազգային ժողովն էլ պետք է «ցրեն»:
«Բոլորը բոլորի մասին, իհարկե, ոչ ամբողջական ինֆորմացիա, ընդամենը «ծաղիկները» ներկայացրեցին, բայց նույնիսկ այդ «ծաղիկները» այլ երկրներում հերիք է, ոչ թե միայն նրա համար, որ պաշտոնանկություն լինի, այլ տվյալ անձնավորությունը քաղաքական դաշտ ընդհանրապես ոտք չդնի և, հնարավոր է, նաև քրեական պատասխանատվության ենթարկվի:
Այնպես որ, չեմ կարծում, որ հավանականությունը մեծ է, թեև չեմ կարող ասել` ինչ կարող է լինել ներիշխանական նեղ, քրեաօլիգարխիկ խմբի որոշումը, որովհետև իրենց համար, ըստ էության, հասարակության կարծիքն այլևս գոյություն չունի, և իրենք կարող են վարչապետին փոխել և այլ վարչապետ դնել»,- ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին «Հետք» լրատվականը հրապարակեց «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» ուսումնասիրությունը, ըստ որի՝ «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը, ով այժմ գտնվում է հետախուզման մեջ: