Ինչո՞ւ Աշոտ Սուքիասյանը չէր նշել Պուտինի, Օբամայի և Հռոմի պապի անունները. Արմեն Մարտիրոսյանը` օֆշորային սկանդալի մասին
«Ինձ հատկապես հետաքրքրեց Աշոտ Սուքիասյանի հայտարարությունը»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը` խոսելով օֆշորային սկանդալի մասին:
Հիշեցնենք, որ մամուլում և քաղաքական դաշտում քննարկման առարկա դարձած այս պատմությունը կապվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի հետ: Վերջինս այժմ հետախուզման մեջ է, և նախորդ շաբաթ մի նամակ էր գրել ՀՀ դատախազությանը և «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածը հրապարակած Հետք լրատվականին, որտեղ նա պնդում է, որ ինքն է Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով բաժնեմասեր բացել Կիպոսի օֆշորային ընկերությունում, որպեսզի պաշտպանի իր բիզնեսը:
«Եվս մեկ անգամ ամենաբարձր շրջանակի գործարարը հայտարարում է, որ Հայաստանում չկա օրինական բիզնես, այլ բիզնեսը միայն հովանավորչության առկայությամբ կարող է զարգանալ»,- Աշոտ Սուքիասյանի նամակը մեկնաբանեց Արմեն Մարտիրոսյանը:
«Երկրորդը, օրինակ ինձ համար հետաքրքիր է` ինչո՞ւ նա իր բիզնեսը պաշտպանելու համար չէր գրել Պուտինի, Օբամայի և Հռոմի պապի անունները, իրենք, կարծես թե, ավելի հզոր մարդիկ են: Եթե հայաստանյան մակարդակով վերցնենք, ինչո՞ւ ոչ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի անունները, իրենք ևս ավելի բարձրաստիճան են0»,-հարցադրում կատարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը: