Աղվան Վարդանյան. Այս լուռ հակամարտությունը դեռևս շատ ջուր է քաշելու

«Թվում է, թե քաղաքական ակտիվ պրոցեսները դադարել են՝ խորհրդարանն արձակուրդում է, ամառային անդորր է, հետընտրական ցիկլն ավարտվել  ու քաղաքական  հիմնական ուժերը դադարի մեջ են, բայց մյուս կողմից՝ երբեք այսքան ներքին մեծ լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ըստ նրա՝ երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է, ազգային, պետական արժեքների նահանջ, հեռանկարի բացակայություն, արտագաղթի տրամադրություններ, որոնց ֆոնին իշխող մեծամասնության ներսում որոշակի պրոցեսներ են ընթանում՝ ՎՊ-Կառավարություն ակնհայտ հակասություն, օֆշորային սկանդալներ, ամեն օր հուզումներ գյուղերում, մարզերում, գազ-էլեկտրաէներգիա, և այլն:

Հարցին, թե ի՞նչ է անում այս ժամանակ ընդդիմությունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես չեմ ցանկանա բոլորի մասին խոսել, որովհետև կան որոշակի շեշտադրումների փոփոխություններ, կա որոշակի տեղաշարժ նաև ընդդիմության տարբեր ուժերի ներսում, բայց ՀՅԴ-ի վերաբերյալ կարող եմ ասել, որ որքան էլ չերևացող, մեզ մոտ ակտիվ ներքին քննարկումներ են՝ վերաիմաստավորելու մեր վերջին տարիների գործունեությունը, բացթողումները, սխալները: Անկախ մեր երկրում կայացող ընտրությունների բնույթից, պարզ է, որ դեռ չենք կարողացել մեր հասարակության լայն շերտերի մեջ վստահություն, հավատ, մեր կողքին կանգնելու անհրաժեշտություն առաջացնել:

Առաջիկա մեկ տարում, ճիշտ կլինի՝ զբաղվենք մեզանով, մեր ներքին բարեփոխումներով: Իսկ դրա հիմքերը կան, վստահ եմ»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է իշխանությանը, ՀՅԴ պատգամավորն ասաց, որ քաղաքական մեծամասնության հարցը «մակերեսի» վրա է՝ իրենք էլ կդժվարանան պատասխանել: «Երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է, քաղաքական մեծամասնություն գոյություն ունի, ակնհայտ է, որ սկսվել են հակասություններ, տարակարծություններ հենց իրենց ներսում: Սրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ քաղաքական մեր համակարգը գերմոնոպոլացված է. բոլորը սպասում են նախագահի խոսքին՝ ինչպե՞ս նա կկողմնորոշվի, ի՞նչ կասի անձի կամ պաշտոնյայի վերաբերյալ, ու այս լուռ հակամարտությունը դեռևս շատ ջուր է քաշելու»,- նշեց նա:

Աղվան Վարդանյանը ցանկություն հայտնեց, որ աշնան սկզբին հանրապետության նախագահն ուղերձով դիմեր ժողովրդին: Նրա խոսքով՝ ներքին հարցերը, արտաքին մարտահրավերներն այնքան են հասունացել, որ նման ելույթի անհրաժեշտություն կա: Այլապես, նրա համոզմամբ, կստեղծվի վիճակ, երբ թվում է՝ ունենալով բացարձակ իշխանություն, նույն իշխանությունները ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին, և ճանապարհներ բացելու փոխարեն՝ խճճում են ամբողջ պրոցեսը:

Տեսանյութեր

Լրահոս