Մեծ Բրիտանիայի միջնադարյան եկեղեցիներին սպառնում են չղջիկները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի միջնադարյան եկեղեցիներին սպառնում են չղջիկները, որոնք, սակայն, գտնվում են ԵՄ-ի պաշտպանության ներքո:
Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է պահպանողական պատգամավոր Թոնի Բոլդրին, ով ներառված է երկրի պատմական եկեղեցիների հետազոտման հանձնաժողովում:
Պատգամավորն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ չղջիկները լայն գործունեություն են ծավալել միջնադարյան եկեղեցիների պատերին՝ վնասելով որմնանկարները, քարե և փայտե քանդակները:
Խոսքը գնում է կրոնական արվեստի այն ստեղծագործությունների մասին, որոնք ժամանակին վերապրել են 16-րդ դարի Ռեֆորմացիան և 17-րդ դարի քաղաքացիական պատերազմը: Պատգամավորի խոսքերով՝ չղջիկների բնակությունից տուժած շատ տաճարներ շուտով հնարավոր չի լինի օգտագործել ժամերգության համար:
Բոլդրին հիշեցրել է, որ ԵՄ-ի որոշման համաձայն, արգելված է չղջիկների բների քանդումը: Շրջակա միջավայրի պահպանման գծով պետնախարար Ռիչարդ Բինյոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության համար շատ բարդ կլինի հասնել ԵՄ-ի այդ որոշման փոփոխմանը:
Նա հավելել է, որ իշխանությունները մտադիր են, բները քանդելու փոխարեն, ակուստիկ սարքերով վախեցնել չղջիկներին, ինչպես նաև նրանց համար կառուցել արհեստական «կացարաններ»: BBC-ն ընդգծել է, որ միջնադարում չղջիկներին համարել են չար ուժերի մարմնավորողներ: