Ցանցահենները համացանցում տարածել են ամերիկացի 40.000 զինծառայողի տվյալներ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցանցահենները երեկ հարձակում են գործել Հարավային Կորեայի նախագահական ապարատի, կառավարական մի շարք գերատեսչությունների ու տեղական ԶԼՄ-ների կայքերի վրա:
Դրանից հետո նրանք կազմակերպել են տեղեկատվական արտահոսք, որում նշված են եղել իշխող «Սենուրի» կուսակցության երկու միլիոն ակտիվիստների տվյալները, ինչպես նաև 40.000 ամերիկացի զինծառայողների տվյալները, որոնցից 28.500-ը գտնվում են Հարավային Կորեայում:
Այս մասին հայտնել են տեղի ինտերնետային ցանցերի անվտանգության համար պատասխանատու ծառայությունները: Այդ կիբեր հարձակումը, որը հանգեցրել է վերոնշյալ կայքերը մի քանի ժամով արգելափակելուն, նվիրված է եղել 1950-1953 թվականների Կորեական պատերազմի սկսման 63-ամյակին:
Հայտնի չէ ցանցահենների ազգային պատկանելությունը և նրանց դրդապատճառները: Հարավային Կորեան սովորաբար նման դեպքերում մեղադրում է ԿԺԴՀ-ին, ով, սակայն, մշտապես հերքում է այդ մեղադրանքները: