Հուսով եմ, որ Իվանիշվիլիի հեռանալուց հետո չեն փոխվի Վրաստանի հետ հարաբերությունները. Ռասմուսեն

Վրացական Imedi հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Վրաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ հարաբերությունները չեն փոփոխվի՝ անկախ նրանից, թե ով կլինի Բիձինա Իվանիշվիլիի իրավահաջորդը:

Ռասմուսենի այս հայտարարությունը կապված է էստոնական ԶԼՄ-ներին Իվանիշվիլիի տված հարցազրույցի հետ, որում նա հայտարարել էր, որ Վրաստանում հոկտեմբերին նախագահական ընտրությունների անցկացումից և նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեռացումից օրեր անց հրաժեշտ կտա քաղաքականությանը:

Ավելի ուշ Իվանիշվիլին ճշգրտել էր, որ եթե իր հեռանալով երկրին սպառնա քաոս և անկայունություն, ապա նա չի հեռանա: Նույն օրը Վրաստանի կրթության նախարար, «Վրացական երազանքի» նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ արդեն իսկ սկսվել են վարչապետին հնարավոր փոխարինողի մասին քննարկումները:

Այս ամենի հետ կապված՝ Ռասմուսենը Վրաստանում հայտարարել է. «Բնականաբար, մենք չենք պատրաստվում միջամտել ներքաղաքական գործընթացներին: Մենք գնահատում ենք այն, որ Իվանիշվիլին շարունակում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունների տեսանկյունից նախկին իշխանությունների քաղաքականությունը: Ենթադրում եմ, որ այդ ուղղությունը կշարունակվի՝ անկախ նրանից, թե ով կլինի նրա իրավահաջորդը»:

Տեսանյութեր

Լրահոս