Բաժիններ՝

ԱՄՆ-ը սկսում է ցամաքային զորքերի թվակազմի մասշտաբային կրճատում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ձեռնամուխ է լինում իր ցամաքային զորքերի թվակազմի մասշտաբային կրճատմանը: Այս մասին երեկ Պենտագոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) շտաբի պետ, գեներալ Ռեյմոնդ Օդիերնոն:

Վերջինիս խոսքերով՝ ցամաքային զորքերի ներկայիս քանակը, որը հասել է իր գագաթնակետին՝ կազմելով 570.000 մարդ (կապված Աֆղանստանում ու Իրաքում իրականացված գործողությունների հետ), պետք է կրճատվի 80.000 մարդով կամ 14 տոկոսով՝ նվազեցվելով մինչև 490.000-ի:

Ակնկալվում է, որ այդ գործընթացը կավարտվի 2017 թվականի ֆինանսական տարվա վերջին: Օդիերնոն ընդգծել է, որ խոսքը գնում է բանակի վերակազմավորման մասին, ինչի արդյունքում այն ունենալու է 33 մարտական բրիգադ և ոչ թե 45 բրիգադ, ինչպես որ ներկայումս է:

Գեներալը ցամաքային զորքերի կրճատումը շաղկապել է նաև իրաքյան կամպանիայի ավարտի և ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից բյուջետային տնտեսումների հետ: Ավելի վաղ ընդունված օրենքների համաձայն, Պենտագոնը հարկադրված է իր ծախսերն ավելի քան 10 տարում կրճատել մինչև 417 միլիարդ դոլարի, որից բանակի մասնաբաժինը կազմում է մոտ 170 միլիարդ դոլար:

Գեներալի խոսքերով՝ Եվրոպայում մնալու է ամերիկյան երկու բրիգադ, որոնցից մեկը՝ Գերմանիայում, իսկ մյուսը՝ Իտալիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս