
Ջեյհան նավահանգստից կասպյան նավթով ցայժմ բեռնվել է 2216 լցանավ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական BOTAŞ պետական ընկերությունը, որը հանդիսանում է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի թուրքական հատվածի օպերատորը, հրապարակել է Ջեյհանի նավթային տերմինալից բեռնված նավթի մասին տվյալներ:
Ջեյհանում նավթի բեռնման գործընթացը մեկնարկել է 2006 թվականի հունիսի 2-ին և մինչև 2013 թվականի հունիսի 21-ը Ջեյհանից նավթով բեռնվել է 2216 լցանավ: Բեռնված նավթի ծավալը կազմել է 1.710.000.000 բարել:
ԲԹՋ-ով տեղափոխվում են Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում գտնվող «Ազերի-Չըրաղ-Գյունշելի» նավթահանքերի նավթը և «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի կոնդենսատը: Բացի այդ, խողովակաշարով փոխադրվում է նաև թուրքմենական ու ղազախական նավթը: ԲԹՋ-ի օրական հզորությունը կազմում 1.2 միլիոն բարել: