Ստյոպա Սաֆարյան. Բոլոր վարչական տարածքների ղեկավարները պետք է օղ անեն իրենց ականջներին

Երևան քաղաքի Սունդուկյան 90 և 29, Փափազյան 13, Ավետիսյան 67 շենքերի մի խումբ բնակիչների ահազանգ-դիմումի հիման վրա Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը դիմել է Տարոն Մարգարյանին` Սունդուկյան 90 շենքի ետնամասի միջբակային կանաչ տարածքի հնարավոր «բարեկարգման» նախագիծը և դրան առնչվող այլ փաստաթղթեր ստանալու պահանջով:

168.am-ի հետ զրույցում «Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ շենքի ետնամասում նախկինում աղբակույտ է եղել, որը մաքրվել է բնակիչների կողմից, տնկվել են պտղատու ծառեր, կառուցվել է խաղահրապարակ, որը, սակայն, հիմա պահանջում են ապամոնտաժել:

«Անգամ անցյալ տարի, երբ Տարոն Մարգարյանն այցելել է այդ տարածք, գոհունակություն է հայտնել, որ տարածքը կանաչապատել են, խնամել են: Բայց շաբաթներ առաջ Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի տեղակալից բնակիչները գրություններ են ստացել, որ տարածքը բարեկարգվում է, ինչի համար պահանջում են տասնօրյա ժամկետում ապամոնտաժել կառուցված ցանկապատները, որը մասամբ բնական է` մոշենիներով, այլապես իրենք կապամոնտաժեն ու ծախսերը դատական կարգով կդնեն բնակիչների վրա: Ի՞նչ իրավունք ունեն իրենք բնակիչների հետ այդ տոնով խոսելու, դատարանը դարձնելու շանտաժի գործիք: Սա անթույլատրելի է:

Բոլոր վարչական տարածքների ղեկավարները պետք է օղ անեն իրենց ականջներին, որ երևանցու հետ նման նամակագրության մեջ չեն մտնում»,- մասնավորեցրեց նա` ավելացնելով, որ ըստ տարածված շշուկների` այգու ցանկապատը հանելու պահանջն այգին չորացնելու, ապա օտարելու համար է իրականացվում:

«Տարածքը բավական հարմար է, ու մարդկանց մոտ մտահոգություններ կան, որ այն հետագայում շենքերի կառուցման հարթակ կդառնա: Ինչ-որ մեկը հավանաբար աչք է դրել այդ տարածքի վրա, ու քաղաքապետարանի միջոցով հեռվից մոտենում են, որ տիրանան դրան: Իսկ այդ տարածքն այնքան չքնաղ է, որ կարելի է այդ հատվածի թոքերն անվանել»,- ասաց նա:

«Բարև, Երևանի» ահազանգ-դիմումը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, միտված է բարեկարգ տարածքի «բարեկարգման» նպատակն իմանալուն:

«Եթե ուզում են այդ սաղարթախիտ տարածքը պուրակ սարքել, ապա մարդիկ ունեն այդ այգին, որտեղ զբոսնում են` պտղատու ծառերով չքնաղ անկյուն` թթվածին արտադրող: Հիմա ի՞նչն են ուզում բարեկարգել: Այդ տարածքի բարեկարգման համար պետք է որ նախագիծ լինի, ինչն էլ մենք փորձում ենք ստանալ»,- հավելեց նա:

Սաֆարյանի խոսքով` իրենք օրեր առաջ այցելել են բնակիչներին, ովքեր բացարձակապես չեն պատրաստվում նահանջել ու պատրաստ են բողոքի ցանկացած գործողության` տարածքի պահպանման համար:

Տեսանյութեր

Լրահոս