Հայ ծաղրանկարչի ցուցահանդեսը՝ Ֆրանսիայում (լուսանկարներ)
Երիտասարդ ծաղրանկարիչ Տիգրան Հակոբյանը վերջերս Ֆրանսիայում ներկայացրել է իր հայտնի ծաղրանկարները:
Ինչպե՞ս ծագեց Ֆրանսիայում ցուցահանդես կազմակերպելու գաղափարը: «Սկսեմ սկզբից… Երբ «ՀԱՅ ԱՐՏ»-ում կազմակերպված իմ ցուցահանդեսն ավարտվեց, ու նկարներս հայտնվեցին համացանցում, Ֆրանսիայում ապրող մի կին իմ աշխատանքները հավանեց: Նա ամեն գնով փորձում էր ինձ հետ կապ հաստատել: Դա նրա մոտ չէր ստացվում, որովհետև ես չէի պատասխանում նրա զանգերին` չիմանալով, թե ո՞վ է ինձ զանգահարում (խելառ բնավորություն ունեմ` անծանոթ համարների զանգերին չեմ պատասխանում (ժպտում է.- Գ.Ա.)): Հետո Ֆեյսբուքի իմ էջին նամակ գրեցին, որ զանգին պատասխանեմ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Տիգրանը:
Տիկնոջ հետ կապը, ի վերջո, տեղի ունեցավ: «Միշելն առաջարկեց հովանավորել ինձ և Վառսում ունենալ անհատական ցուցահանդես, ինչպես նաև՝ մասնակցել մեկ խմբակային ցուցահանդեսի` այս անգամ Փարիզում: Այդպիսով ես ուղևորվեցի Ֆրանսիա` ինձ հետ տանելով իմ ամենասիրած ծաղրանկարները: Նրանց համար շատ կարևոր էր, որ ես ինձ հետ տանեի Frida-ի, հագուստի հայտնի դիզայներ Karl Lagerfeld-ի, Սալվադոր Դալիի և երգչուհի Amy Winehouse-ի նկարները, իսկ մնացածը թողել էին իմ հայեցողությանը: Ընդհանուր ներկայացրել էի 15 նկար»,- պատմեց Տիգրանը:
Ծաղրանկարիչը նշեց նաև, որ իր նկարները Ֆրանսիայում շատ լավ են ընդունվել. «Ճիշտն ասած` ես մտածում էի, որ իմ նկարները նրանց նորություն չեն երևա, սակայն պարզվեց, որ սխալվում եմ: Նկարներս շատ բարձր գնահատվեցին, նույնիսկ երեք նկար վաճառվեց, բայց այնտեղի կարծիքներից հետո որոշեցի նկարներիս մեծամասնությունն այլևս չվաճառել և պատվերներ էլ չվերցնել: Պատվերով հազարից մեկ կնկարեմ, միայն իմ ամենա, ամենաների համար»,- ասաց ծաղրանկարիչը: