
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը կտուգանվի 20 միլիոն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2013 թ. ապրիլի 29-ին Հայաստանի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, Սարալանջի փողոցի բնակիչ Վարդան Մինասյանի տան և նույն մարզի Քասախ գյուղի Վ. Տերյան փողոցի բնակիչ Յուրի Ավոյանի սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետների խախտման փաստերի ուսումնասիրության նպատակով վարչական վարույթներ էր հարուցել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ծանուցվել է վարույթների մասին, և Հանձնաժողովը նրանից պահանջել է հիմնավորումներ ներկայացնել:
ՀԾԿՀ որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների» 13.4-րդ կետի համաձայն՝ նոր սպառողի՝ 0,22կՎ լարմամբ էլեկտրական ցանցին միացման դիմումը ստանալու օրվանից մինչև միացման պայմանագրի կնքման առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 25 աշխատանքային օրը:
Առաջին դեպքով ընկերությունը պատճառաբանել է, թե քաղաքացիու սպառման համակարգն էլեկտրական ցանցին չմիացնելը պայմանավորված է եղել վերջինիս՝ հանրապետությունից երկար ժամանակով բացակայելու և լարման մակարդակը վերջնականապես որոշելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքով: Երկրորդ դեպքում ՀԷՑ-ը պատճառաբանել է, որ քաղաքացին էլեկտրամատակարարումը անորոշ ժամկետով հետաձգելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Սակայն երկու դեպքում էլ ՀԾԿՀ-ն գտել է, որ ՀԷՑ-ի հաշվետվությունները եղել են ոչ հավաստի:
Լիցենզիայի պայմանների 4.19 կետը խախտելու համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը ենթարկել տուգանքի` յուրաքանչյուր դեպքի համար 10 մլն (տասը միլիոն) դրամ գումարի չափով. Այս որոշումը ՀԾԿՀ-ն կընդունի առաջիկա՝ հունիսի 26-ի նիստում: