Թե ինչպես են ՊՆ մակնշմամբ ձվերը հայտնվել վաճառքում

Ամիսներ առաջ «168 Ժամի» խմբագրություն էին դիմել մի քանի կանայք` ահազանգելով, որ Երևանի Լենինգրադյան փողոցում գտնվող «Մարկետ» խանութից «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ 10 ձու էին գնել, և, տանելով տուն` պարզել էին, որ տուփի մեջ Պաշտպանության նախարարության մակնշմամբ ձվեր են եղել: Խմբագրություն դիմած քաղաքացիները բողոքում էին ոչ թե ձվի որակից, այլ զայրացած էին, որ զինվորների համար նախատեսված սնունդը հայտնվում է խանութներում:

Նյութի հրապարակումից հետո ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մեզ զրույցում ասել էր, թե պետք է մանրամասն ուսումնասիրություն կատարվի, և եթե պարզվի, որ այս գործում հանցակազմ կամ մեղավորներ կան ՊՆ-ից, ապա նրանք կպատժվեն: Մինչ այժմ հայտնի չէ՝ ինչպե՞ս կարող էր նման բան լինել, և ինչպե՞ս են նման մակնշմամբ ձվեր հայտնվել խանութներում:

Երեկ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կատարվե՞լ է այդ ուսումնասիրությունն, ու ի՞նչ է պարզվել դրա արդյունքում: Նա նախ նշեց, որ ուսումնասիրությունը պետք է կատարեն իրավապահ մարմինները, ապա հավելեց, թե Պաշտպանության նախարարությունն իր մասով ուսումնասիրությունն արել է: «Մեր ուսումնասիրությունը հետևյալն է եղել. մենք այդ պահին հանձնարարել ենք ստուգել բոլոր զորամասերում ձվի վերահսկողության հարցերը, որում խնդիր չի եղել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարել է ստուգել վերահսկողությունը: «Նայել են, որ ոչ մի տեղից հնարավոր չէ, որ նման բան դուրս գար»,- վստահեցրեց ՊՆ մամուլի քարտուղարը:

Մենք զրուցեցինք նաև «Աշտարակ ձու» ընկերության ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանի հետ: Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների կողմից գործի քննությունը սկսվել է 2013-ի ապրիլի 5-ին և մինչ օրս չի ավարտվել: Մ. Եփրեմյանը նշեց, որ գործով քննություն է ընթանում, և դրա տվյալների մասին իրենց տեղեկություններ դեռևս հայտնի չեն:
Մանասե Եփրեմյանի խոսքով, իրենք կատարել են ներքին հետաքննություն՝ գործի մանրամասները պարզելու համար: Նախ, ըստ նրա՝ նշված խանութից վերցրել են այն տեսագրությունը, որտեղ պատկերված է, թե այդ օրը նշված ժամին ովքեր են այնտեղից գնումներ կատարել: Արդյունքում, ըստ Մ. Եփրեմյանի՝ պարզվել է, որ տվյալ ժամին կանայք խանութից գնումներ չեն կատարել. «Այդ ժամին գնորդ եղել է տղամարդ երեխայի հետ և գնել է այդ «Աշտարակ ձվի» նորմալ փաթեթավորված ապրանքը: Ինչպե՞ս է դա հետո դարձել ՊՆ, դա անհայտ է»,- ասաց Մ. Եփրեմյանը:

Կարդացեք նաև

Նա բացառեց այն հանգամանքը, որ ընկերությունը կարող էր սխալվել, և, որ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ից նման մակնշմամբ ձու կարող էր գնալ խանութ. «Դա բացառված է, որովհետև, եթե ամսաթիվը նայեք, կտեսնեք 11-ը մարտի՝ Զատիկից առաջ, և իրենք գնել են ապրիլի 4-ին: Մեկ ամիս առաջ: Հավկիթն այդքան ժամանակ խանութներում, մանավանդ «Մարկետի» պես խանութներում, չի մնում, չի կարող մնալ: Դա է խնդիրը»:
Մանասե Եփրեմյանի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրել նաև տեսագրությունը, որտեղ երևում է, որ նշված օրը նշված ժամին գնումներ չեն կատարել: Իսկ հետագա քայլերի հետ կապված ընկերությունը որոշում կկայացնի քննության ավարտից հետո:

Ասվածի վերաբերյալ մենք առաջիկայում կփորձենք մեկնաբանություն ստանալ նաև այն կանանցից, ովքեր ՊՆ մակնշմամբ ձվերը ներկայացրել էին խմբագրություն:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս