Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին` Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ Իշխան Կարապետյանից
Հարգարժան պարոն նախագահ, սույնով ուզում եմ տեղյակ պահել Ձեզ ինձ հետ կատարվածի մասին, այն պարզ պատճառով, որ բոլոր այն միջոցները, որով հնարավոր է վերականգնել ինձ հասցված հսկայական նյութական և բարոյական վնասը, որն ունեցել եմ «Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Գալուստ Խաչիկյանի հանցավոր գործողությունների արդյունքում, սպառել եմ, ու հիմա իմ վերջին հույսը Դուք եք։ Պարոն նախագահ, բանը կայանում է հետևյալում։ 2011թ.-ի սեպտեմբերի 17-ին ես ցանեցի 3 հա ցորեն։
«Մուսալեռ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Գալուստ Խաչիկյանն արգելեց ինձ ոռոգման ջուր տրամադրել, պատճառաբանելով, որ ես նախ` պետք է իրեն հարցնեի, հետո նոր ցանեի, քանի որ, ըստ իրեն` պարտք եմ ընկերությանը, ավելացնելով, թե ում ուզում ես` բողոքի, ոչինչ չի ստացվի։
Ես դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին, պատասխանն ուղարկել էին մարզպետին, թե ինչ է պատասխանել` ոչինչ չասացին։ Անցավ մի քանի օր, ես 2011թ. նոյեմբերին դիմեցի «Կիսաբաց լուսամուտներ» Հեռուստահաղորդաշարին, շնորհակալ եմ` ցուցադրեցին։ հեռուստահաղորդումից մի քանի օր անց ինձ հրավիրեցին Էջմիածնի ոստիկանություն` հարցաքննության։ Ես պատմեցի ինձ հետ կատարվածը, այն մասին, որ 2007-2008թթ. և 2009թ. ես «Մուսալեռ» ընկերությունում աշխատել եմ` որպես առու հանող, իմ հետ ոչ մի անգամ պայմանագիր չեն կնքել, և ես որևէ անգամ աշխատավարձ, որպես այդպիսին, չեմ ստացել, բնականաբար, աշխատավարձի ցուցակներում չեմ ստորագրել։
Միաժամանակ քննիչ Գ. Ավանեսյանին պատմեցի ինձ հետ կատարվածի մասին։ Հաջորդ այցելության ժամանակ քննիչ Գ. Ավանեսյանը բերել էր միայն 2009թ. աշխատավարձերի ցուցակը, որտեղ իմ ստորագրությունը կեղծել էին։ Իմ հարցին, թե` ո՞ւր են 2007-2008թթ. աշխատավարձերի ցուցակները, քննիչը պատասխանեց, թե չեն տալիս։ 2009թ.-ին իմ կատարած աշխատանքի դիմաց ինձ ընկերության աշխատակիցը տվել էր 50.000 դրամի ոռոգման ջրի վճարման անդորրագիր, իսկ ցուցակում, որը բերել էր քննիչ Ավանեսյանը, իմ անվան դիմաց նշված էր 116.428 դրամ։ Փաստորեն, Գալուստ Խաչիկյանը միայն 2009թ.-ին 66.428 դրամ գումար, որը ես եմ աշխատել` գրպանել է, չհաշված 2007-2008թթ.։ Քննիչ Գ. Ավանեսյանը նայելով իմ ստորագրության նմուշին` ասաց, որ` դու ճիշտ ես, սա քո ստորագրությունը չի։
Մի քանի օրից քննիչն ինձ կանչեց առերեսման, երբ ես գնացի, նրա մոտ էր նաև ՋՕԸ-ի գանձապահ Մ. Հարությունյանը, որն առանց ամաչելու աչքերիս մեջ նայելով` ասաց, որ ստորագրությունն իմն է։ Ես քննիչից պահանջեցի, որ ստորագրությունն ուղարկեն փորձաքննության, քննիչը համաձայնեց։ Դրանից մի քանի օր անց քննիչը նորից ինձ հրավիրեց իր մոտ և ցույց տվեց նկարած ստորագրությունն ու ինձ ասաց, թե` ճիշտ էր գանձապահը, ստորագրությունը քոնն է։ Հարգարժան պարոն նախագահ, այս քննությունը, եթե կարելի է այն քննություն համարել, տևեց 9 ամիս, 2011-ի նոյեմբերից մինչև 2012-ի օգոստոսը։ 9 ամիս տանել-բերելուց հետո քննիչ Ավանեսյանն ինձ ասաց, թե` գործերդ անցել են վաղեմության շրջանը ու չենք կարող այն դատարան ուղարկել։ Այս ամենը քննիչ Գ. Ավանեսյանն ինձ ասաց բանավոր, իսկ գլխավոր դատախազին ուղղված իմ նամակի պատասխանից, որը ստացել եմ 05.10.2012թ., իմանում եմ, որ Վաղարշապատի բաժանմունքում քննված թիվ 572011 քրգործով 11.07.2012թ. որոշում է կայացվել գործի վարույթը կարճելու մասին, որի օրինակը իբրև ուղարկվել է ինձ, որտեղ պարզաբանել են օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու իմ իրավունքը։ Արմավիրի դատախազությունն էլ առանց ինձ քննելու կամ ինձ հետ զրուցելու` գտել է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական է, այն վերանայելու հիմքեր չկան։
Հարգարժան պարոն նախագահ, ինձ ոչինչ չի մնում, քան պատվովս երդվելու, որ նամակում շարադրված է միայն ու միայն ճշմարտություն, որ ես որևէ աշխատավարձի ցուցակում չեմ ստորագրել, որ քննիչ Գ. Ավանեսյանն ինձ որևէ գրավոր պատասխան չի տվել, որ ես Դատախազությունից վերցրած իմ նամակի պատասխանից հասկացա, որ Գալուստ Խաչիկյանը ճիշտ էր ասում, որ ասում էր` որտեղ կուզես` բողոքի, ոչինչ չի ստացվելու։ Պարոն նախագահ, Գալուստ Խաչիկյանը միայն ինձ հետ չէ, որ այդպես էր վարվել, հարցրեք մյուս համայնքներում, Ոսկեհատ, Արևաշատ և մնացած այն համայնքներում, որտեղ ոռոգման ջուրը սպասարկում է «Մուսալեռ» ընկերությունը, տասնյակ, եթե ոչ` հարյուրավոր գյուղացիներ, Ձեզ նույնը կասեն։
Խնդրին այսօր լուծում է պետք տալ` ոչ միայն իմ ընտանիքին հասցված վնասը վերականգնելու համար, դրանից շատ ավելի կարևոր է իմ ոտնահարված արժանապատվությունը, իսկ ամենագլխավորը, որպեսզի իմ նման գյուղացիները հավատան, որ պետություն գոյություն ունի, և այս պետությունը, որի հիմքերը ես ու իմ նմաններն ենք ամրացնում մեր ամենօրյա ծանր աշխատանքով, հարկ եղած դեպքում մեր թիկունքին է կանգնելու, և ոչ թե` գալուստների։ Հարգելի նախագահ, որպեսզի որևէ կասկած չմնա Ձեզ մոտ, որ «Մուսալեռ» ՋՕԸ ղեկավարությունն իրեն դրել է օրենքից դուրս կարգավիճակում, որպեսզի ասածներս համոզիչ լինեն, կարգադրեք հարցում անեն հարևան գյուղերում, նույնատիպ աշխատանք կատարած մարդկանց, պատկերը եթե նույնը չէ, ուրեմն ավելի խայտառակ է լինելու։ Ու կասկածից վեր է, որ Գալուստն ընկերության աշխատավարձի մատյանում, այդ մարդկանց անվան դիմաց մեկ ուրիշ թիվ է նկարելու, ինչպես իմ դեպքում էր, հակառակ պարագայում` ինչո՞ւ է մարդկանց աշխատացնում` առանց նրանց հետ պայմանագիր կնքելու։
Եվ սա ասում է այն մասին, որ Գալուստի հեչ պետքն էլ չի, որ երկրի նախագահը պահանջում է վերջ դնել հանցավոր աշխատաոճին։ Պարոն նախագահ, հուսով եմ, որ իմ խնդրանքը չեք մերժի, և Ձեր անձնական հսկողության տակ կպահեք մեզ` գյուղացիներիս վերաբերող խնդիրները։ Այո, պարոն նախագահ, սա միայն իմ խնդիրը չէ, վերջին 7-8 տարիների ընթացքում Գալուստի ու նրա շրջապատի վարած քաղաքականության արդյունքում է, որ գյուղերում երիտասարդությունը (եթե այն մնացել է) հողի կամ անասունի հետ գործ չի ուզում ունենալ։ Ես մոտ յոթանասուն տարեկան մարդ եմ` այսօր կամ վաղը չկամ, ու ես մեծ կարևորություն եմ տալիս հարցին, որ ջահելները, ինչպես նախկինում էր, հողից չկտրվեն ու չհեռանան օտար երկրներ։ Պարոն նախագահ, այս տարի ես չեմ ցանել, որովհետև համոզված չեմ, որ Գալուստը նույն կերպ չի վարվելու, ինչպես վարվեց 2001թ.-ին։
Հարգանքներով ու հույսով`
ԻՇԽԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
20.06.2013թ.