Հայրիկյանը հարցեր է ուղղել իր վրա կրակելու մեջ մեղադրվողին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջնների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Ցուցմունքներ է տալիս գործով մեղադրյալ Խաչատուր Պողոսյանը: Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը ամբաստանյալից հետաքրքրվեց՝ ինչու են ինքն ու մյուս մեղադրյալ Սամվել Հարությունյանը որոշեցին տալ Վարդան Սեդրակյանի անունը: Ամբաստնյալ Պողոսյանն ասաց, որ ինքը որևէ նպատակ չի ունեցել և նախաքննության ընթացքում չի գիտակցել, որ նման կերպ Վարդան Սեդրակյանին վատություն է արել. «Հիմա մտածում ենք, որ շատ վատ բան ենք արել, որ Վարդան Սեդրակյանին ներքաշել ենք այս գործի մեջ»:

Նիստի ընթացքում  ամբաստանյալ Պողոսյանը ասաց, որ ինքը կարող էր և զենքը չհանձնել ու դատարանում չհայտնվել. «Այդ զենքը ես չէի էլ տա, չէր էլ լինի,  ես այսօր  այստեղ չէի լինի: Ուղղակի այնքան բարոյականություն չունեն, որ մարդուն բռնելու համար ձերբակալում են մարդկանց տնեցիքին, նոր բերում են հանցագործին, որ ստիպված ասում ա՝ որը որտեղ ա դրած: Էտ էլ ասեմ, էտ էլ որ դուք իմանաք»:

Գործով տուժող Պարույր Հայրիկյանը ասաց, որ հարցեր տալիս է ոչ թե այն բանի համար, որ ապացուցի նրա մեղքը. իր հիմնական ցանկությունն այն կլիներ, որ հայ մարդիկ դատարանում չլինեին: Պարույր Հայրիկյանը հարցրեց՝ արդյոք Խաչատուր Պողոսյանը վախի ազդեցության տա՞կ է փոխել իր ցուցմունքը: Ամբաստանյալ Խ. Պողոսյանը ասաց, որ նման բան չկա, այժմ ինքը հայտնում է ճշմարտությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը հարցրեց՝ արդյո՞ք Խաչատուր Պողսյանը հետագայում Սամվել Հարությունյանից տեղեկացե՞լ է՝ ինչու է վերջինս ասել, որ որպես պատվիրատու տան Վարդան Սեդրակյանի անունը: Խաչատուր Պողոսյանը պատասխանեց, որ Սամվել Հարությունյանն ասել է՝ մտածել էր գնալ, Վարդան Սեդրակյանից գումար ուզել:

Դատավորի հարցին պատասխանելիս Խաչատուր Պողոսյանն ասաց, որ եթե իր ընկերն ասեր՝ պետք է վիրավորել ինչ-որ մեկին, ինքը նման քայլի չէր գնա: Դատավորի հաջորդ հարցին՝ ինչու Հայրիկյանին վիրավորելուց հետ նրան օգնություն չցուցաբերեց, Խաչատուր Պողոսյանը պատասխանեց, որ հնարավոր էր՝ այդ պահին դուրս գար Հայրիկյանի հարազատներից մեկը, ով կարող էր վնասել իրեն:

Կարդացեք նաև

Գործով մեծադրող Արամ Ամիրզադյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ նախաքննական և դատաքննական ցուցմունքներում  կան հակասություններ: Դատարանը բավարարեց դատախազ Ա. Ամիրզադյանի միջնորդությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս