Բաժիններ՝

Մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանի մի քանի հարյուր հազար դոլարանոց դղյակը. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Լուսանկարում պատկերվածը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի մեղմ ասած, տունն է: Այս դղյակը գտնվոմ Արեշի 5-րդ փողոցի վրա՝ այսպես կոչված «45-ի ԱՏՍ»-ի դեմ դիմաց:

Թե ում անունով է գրանցված դղյակը, մեզ չհաջողվեց պարզել: ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել:

Նա չի պատասխանել նաև, թե ում անունով են գրանցված նույն Ռոմա Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները: Խոսքը մասնավորապես 05QQ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»- ի, 05VV005 պետհամարանիշով «Բենթլիի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005DD05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերի», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է:

ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել: Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օիենքից: Եվ ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի», «Պորշ», «Ռենջ Ռովեր»…:

Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում: Բացառված չէ, որ հետագայում պարզվի, որ այս տունն էլ, ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Ձաքարյանի պալատը, օտարերկրյա ներդրում է: Կամ էլ ասենք՝ Ռոմա Մկրտումյանը ինչ֊որ սերմ է ճարել, ցանել է և նման դղյակ է աճել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս