Մարտիրոս Սարյանի թանգարանը՝ հրդեհից հետո (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանում: 168.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանն ասաց, որ հրդեհը բռնկվել է գիշերը ժամը 12-ին, սակայն արագ մարվել է: Նրա խոսքով՝ այրվել է մոտ 5 քմ տարածք:
Ռուզան Սարյանի խոսքով՝ թանգարանը հրդեհի հետևանքով ոչ մի վնաս չի կրել. «Ոչ մի վնաս չկա ընդհանրապես: Վնասի մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է, որովհետև թանգարանը վերանորոգման մեջ է, և եթե պատերը ներկելու մասին է խոսքը, առանց այն էլ պետք է ներկվեր»:
Թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն ասաց նաև, որ մշակութային արժեքներ հրդեհի արդյունքում չեն տուժել, քանի որ բոլոր իրերը տարհանված են եղել: «Նկարները տարհանված են, արժեքներ տարածքում չկան, մարդկային կրուստներ, փառք Աստծո, չունենք, վիրավորներ չունենք: Ամեն ինչ շատ արագ կարողացանք կանխել»:
Նշենք, որ հրդեհը բռնկվել էր տուն-թանգարանի առաջին հարկի բնակելի մասում: «Մենք շատ բարի հրեշտակներ ունենք, որ պահել են այս տունը, վարպետի տունը, անվտանգությունը»,- ասաց Ռուզան Սարյանը:
168.am-ը թանգարանի տնօրենից հետաքրքրվեց նաև՝ ե՞րբ են պլանավորում ավարտել թուն-թանգարանի վերանորոգումը: Ռուզան Սարյանն ի պատասան մեր հարցի՝ ասաց, որ կա շինարարության ժամանակացույց, որի հետ ինքը համաձայն չէ.
«Կա ժամանակացույց, որի հետ ես համամիտ չեմ, որ մինչև տարվա վերջ սա հնարավոր չէ ավարտել: Հնարավոր չէ: Եթե դա պիտի որակի հաշվին լինի, ինձ թվում է, ոչ մեկի պետք չէ, որ դա լինի որակի հաշվին, իսկ իրատեսական չեն այդ ժամկետները: Մանավանդ՝ մենք 1 ամիս, նույնիսկ ամիս ու կես ուշ սկսեցինք վերանորոգումը. անձրևները խանգարեցին և այլն, և այլն: Դրա համար ինձ թվում է, որ այդ ժամկետները պետք է երկարեցվեն»: