Արամ Սարգսյանը` օֆշորային սկանդալի մասին. «Պետք չէ սպասել, որ Սուրիկ Խաչատրյանի նման հասնի չգիտեմ` որտեղ…»
«Ինչ վերաբերում է այդ սկանդալային թեմային, ես կարծում եմ` պարզաբանումներն իհարկե անհրաժեշտ են, և այն միամիտ բացատրությունը, որը տվել է Աշոտ Սուքիասյանը, չի կարող փարատել այն կասկածները, որոնք արդեն կան հասարակության մեջ»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը` խոսելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի մասին:
«Ինքը (Աշոտ Սուքիասյանը,-Ա.Ս.) հայտարարել է, թե իբր ինքն իր նախաձեռնությամբ է բաժնեմասեր գրել Կճոյանին և Տիգրան Սարգսյանին: Եղբայր, գոնե պետք է իմանալ տարրական բիզնես-կանոնները, որ եթե որևէ մեկի անունով ինչ-որ մի բան գրեցիք, այդ մարդու համապատասխան հաշվեհամարում կամ որևէ մի այլ տեղ պետք է նշվի, որ նա ստացավ այդ բաժնեմասը: Դա արդեն ծիծաղելի է, որ նրան այդպես են ուզում հարվածի տակից հանել»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:
Դեմկուսի ղեկավարը կարծիքով` եթե Տիգրան Սարգսյանը նոր է իմանում, որ իր անունով Կիպրոսում ինչ-որ կազմակերպություն է գրանցվել, «դա էլ չի համապատասխանում իրականությանը», քանի որ, ըստ Ա. Սարգսյանի, վարչապետն այն անձն է, որի համապատասխան աշխատակիցը պետք է հետևի իր ամբողջ գործունեության հետ կապված լրատվությանը:
«Ես կարծում եմ` ընդհանրապես անհարմար է քննարկել հոգևոր սպասավորի հետ կապված այսպիսի պատմություն, երբ նրան հարցնում են, թե Բենթլին որտեղից, ասում է` ինձ նվիրել են: Ես չեմ պատկերացնում, որ այդպիսի բան լիներ երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի օրոք, որ հոգևոր սպասավորն իրեն թույլ տար այդպիսի շքեղ նվեր ստանալ: Հանուն ինչի՞, ի՞նչ պատճառով»,- ավելացրեց Արամ Սարգսյանը:
Վերջինս նաև նշեց, որ նման դեպքերից իշխանությունները պետք է հետևություններ անեն, և երկրի նախագահը պետք է համապատասխան որոշումներ կայացնի:
«Պետք չէ սպասել, որ Սուրիկ Խաչատրյանի նման հասնի չգիտեմ` որտեղ, որպեսզի նոր նրան «իր ցանկությամբ» ազատեն աշխատանքից: Սա վերջապես մի երևույթ է այս երկրում, որ 22 տարի շարունակվում է, և մենք դրան գերի ենք դարձել: Շատ ներողություն, բայց կիսագրագետ և կիսակրթված մարդկանց ձեռքը տվել են մի ամբողջ մենաշնորհներ, այսօր երկիրը դրա ձեռքին տառապում է»,- ասաց Արամ Սարգսյանը:
Իսկ ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետսիսյանն այսպես արձագանքեց Աշոտ Սուքիասյանի նամակին` հակադարձելով Արամ Սարգսյանին. «Պարոն Սարգսյան, բայց արդյո՞ք այդ նամակը իրականություն է: Բերեք էդ էլ մի հատ հասկանանք, որովհետև էսօր ամեն ինչ հնարավոր է»:
«Էդ ուրիշ հարց»,- պատասխանեց Արամ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին «Հետք» լրատվականը տարածեց մի հրապարակում, որում նշված էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը Hetq.am-ի «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի կապակցությամբ արդեն դիմել է դատախազություն:
Իսկ Աշոտ Սուքիասյանը, ում նկատմամբ ՀՀ ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել, նամակ է ուղարկել «Հետքին», որը հրապարակվել է այսօր: Նամակում Աշոտ Սուքիասյանը մասնավորապես գրել է. ««Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը`«WLISPERA HOLDINGS LIMITED» -ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»: