Բաժիններ՝

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կանցկացվի օգոստոսին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը, որը բաղկացած է երկու փուլից, տեղի կունենա համապատասխանաբար օգոստոսի 3-ին և 5-ին:

Հունիսի 14-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ Ռոուհանին հավաքել էր քվեների կեսից ավելին և հաղթանակ էր տարել հենց առաջին փուլում: Ընտրություններին ժողովրդի մասնակցության ցուցանիշը կազմել է 72.7 տոկոս:

Իրանի նախագահի երդմնակալության արարողությունը բաղկացած է երկու փուլից և անցկացվում է տարբեր օրերի: Առաջին փուլն առնչվում է գործող նախագահի կողմից նորընտիր նախագահին իշխանությունը հանձնելուն՝ այսպես կոչված «պաշտոնի հաստատման արարողությունը»:

Դրան ներկա են գտնվում Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին, Իսլամական հանրապետության իշխանական բոլոր ճյուղերի ղեկավարները, ինչպես նաև երկրի զինվորական վերնախավի ներկայացուցիչներ: Դա տեղի կունենա օգոստոսի 3-ին, Թեհրանի հյուսիսում գտնվող Ջամարան շրջանում, ուր գտնվում է 1979 թվականին իրականացված իսլամական հեղափոխության առաջնորդ Ռուհոլլահ Խոմեյնիի տունը:

Երդմնակալության արարողության երկրորդ փուլն առնչվում է Իրանի նախագահի կողմից երդում տալուն, ինչն իրականացվում է երկրի խորհրդարանում, ուր գործադիր իշխանության ղեկավարը պետք է երդում տա ժողովրդի ընտրյալների առջև: Դա տեղի է ունենալու օգոստոսի 5-ին, այն նույն օրը, երբ Իրանի նախագահի պաշտոնում վերընտրված Մահմուդ Ահմադինեժադը երդվեց 2009 թվականին:

Մինչև նորընտիր նախագահի երդման արարողությունը, Մահմուդ Ահմադինեժադը շարունակելու է կատարել իր գործառույթները: Իրանի Սահմանադրության համաձայն, Ալի Խամենեին պետք է հաստատի ընտրված նախագահի կողմից նոր պաշտոնին անցնելու մասին հրամանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս