Արմեն Աշոտյանը հանդիպել է 14-ամյա Հովհաննեսին (տեսանյութ)
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր աշխատասենյակում հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի հունիսմեկյան տեսանյութի հերոս 14-ամյա Հովհաննես Հարությունյանին և խոստացել լուծել նրա և նրա ընտանիքի անդամների կրթության հետ կապված բոլոր հարցերը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, հանդիպման ընթացքում քննարկվել են Հովհաննեսի կրթության, երազանքների, զինվորական դառնալու հեռանկարները:
Արմեն Աշոտյանը խոստացել է հոգալ նրա ռազմական կրթության մասին, օժանդակ պարապմունքներով ապահովել նրա ընդունելությունն ու ուսումը «Փոքր Մհեր» ռազմական ուսումնարանում:
Առաջիկա օրերին կլուծվի ինչպես Հովհաննեսի, այնպես էլ ընտանիքի մյուս դպրոցական երեխաների դասագրքերի հարցը, նախարարությունը կտրամադրի քարտեզներ, գրքեր, բառարաններ, հեռուստացույց, ուսուցողական ֆիլմեր և DVD նվագարկիչ: Հովհաննեսը կունենա նաև իր երազած շարժական համակարգիչը:
Ինչպես տեղեկացրել է ԿԳՆ Հանրակրթության վարչության պետը, նախարար Աշոտյանը, դիտելով «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը, հանձնարարական է տվել «գտնել երեխային և զբաղվել նրա կրթության հարցերով», ապա որոշել է անձամբ հանդիպել 14-ամյա պատանուն: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հովհաննեսի հայրը` Արմեն Հարությունյանը:
14-ամյա Հովհաննեսը գոհ է կրթության նախարարի հետ իր հանդիպումից, ասում է` ուրախ է, որ Հայաստանի պաշտոնյաների շարքում «գոնե մի հատ խելքը գլխին մարդ գտնվեց»: Նա հույս ունի, որ նախարարը կիրականացնի իրենց տված բոլոր խոստումները: Ամենից շատ ուրախացել է «Փոքր Մհեր» ընդունվելու` արդեն իրականանալի հեռանկարի, ինչպես նաև շարժական համակարգիչ ունենալու համար:
Իր հասցեին ուղղված գովեստի խոսքերին ի պատասխան`14-ամյա պատանին խոստացել է ինքն էլ «հուսախաբ չանել» նախարարին: