Երիտասարդներն արյուն կնվիրաբերեն արյան հիվանդություններով տառապող երեխաներին (լուսանկարներ)
Հունիսի 14-ին, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նշում են Արյան դոնորների միջազգային օրը։
Արյունաբանական կենտրոնը և The Laboratory-ն հունիսի 20-ին, ժամը 16:00-ին Հյուսիսային պողոտայում ներկայացնելու են այդ օրվան նվիրված բացօթյա համերգ, որին իրենց մասնակցությունը կունենան հայ շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց The Laboratory ընկերության հիմնադիր Արուսիկ Մկրտչյանը՝ DJ Vakcina-ն:
«Ծրագիրն, իհարկե, ժամանցային է, բայց կրում է տեղեկատվական բնույթ և ուղղված է արյան դոնորության վերաբերյալ հասարակական իրազեկման բարձրացմանը: Մեր գործընկեր ռադիո «ՎԱՆ»-ի եթերում հնարավոր կլինի ուղիղ միացմամբ ունկնդրել այս համերգը: Ծրագրի մեջ ներառված է խնդրի հետ կապված լիարժեք ինֆորմացիայի ներկայացում, որը կիրականացնեն պրոֆեսիոնալ հաղորդավարներ Եգոր Գլումովը, Ժակը, Լուլուն և Սիման»,- մանրամասնում է DJ Vakcina-ն և կարևորում
նմանատիպ միջոցառումների դերը մեր երկրում խնդրի բարձրաձայնման և հատկապես երիտասարդության շրջանում ճիշտ մոտեցում ձևավորելու համար:
Արուսիկ Մկրտչյանի տեղեկացմամբ` արյան տարբեր հիվանդություններով տառապող շուրջ 2500 հիվանդի, այդ թվում՝ մոտ 500 երեխայի բուժման համար անհրաժեշտ են մեծ քանակությամբ արյան բաղադրամասեր. «Ես ինքս վերջին մեկ տարում միացել եմ Արյունաբանական կենտրոնին, որի ընթացքում իրականացրել եմ մի շարք ակցիաներ և միջոցառումներ` նվիրված արյան անհատույց դոնորությանը և հիվանդների աջակցմանը։
Միջոցառումներն ունեն երկու նպատակ. նախևառաջ՝ կազմակերպում եմ արյունատվության ակցիաներ, որոնց նպատակն է՝ անհատույց արյան դոնորներից հավաքագրել արյունը, որը կօգնի շատ հիվանդների ստանալ այն բացառապես անվճար և առանց վտանգի (ըստ վիճակագրության` անհատույց արյունատվությունը շատ ավելի ապահով է, քանի որ դոնորներն իրենց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը թաքցնելու նպատակ չունեն, նրանք պարզապես բարի գործ են կատարում)։ Արյունատվության ակցիաներից բացի, կազմակերպում եմ նաև տեղեկատվական և ժամանցային միջոցառումներ, որոնց նպատակն իրազեկման բարձրացումն է և հասարակության ուշադրության գրավումն այս խնդրի ուղղությամբ։
Հունիսի 20-ի համերգն ունի հենց այս նպատակը։ Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ երիտասարդների ուշադրությունը ուղղել, և նրանցից շատերը պատրաստ են իրենց արյունը նվիրել։ Հունիսի 20-ին մենք կիրականացնենք «հերոս»-ների ցուցակագրում, որոնք այնուհետև կգան արյունատվության»,- հավելեց The Laboratory ընկերության հիմնադիրը։