Իշխանության նոր տակտիկան

Եթե հնարավոր չէ ուղղվել, ուրեմն պետք է զբաղվել ինքնաքննադատությամբ

 

Խորհրդարանական այս քառօրյայում քննարկվող` Վերահսկիչ պալատի (ՎՊ) 2012թ. տարեկան հաշվետվության ու դրա արդյունքում բացահայտված յուրացումների շուրջ շրջանառվող կարծիքների մասին զրուցեցինք «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ:

– Հայաստանի իշխանությունները նոր մարտավարություն են ձեռք բերել` աջ ձեռքը պետք է բռնի բյուջեն թալանող ձախ ձեռքը: Հայաստանում հիմա նման հետաքրքիր պրոցեսներ են կատարվում, որոնք ոչ ադեկվատ են: Հիշո՞ւմ եք` ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե` ատկատ կա, բռնենք «մեծերի գլխից», և այլն, բայց ի՞նչգ Հիմա էլ Վերահսկիչ պալատը բացահայտումներ է կատարել, խայտառակ թվեր է հրապարակում, բայց դրա համար որևէ մեկին պատժելո՞ւ են, թե՞ պարզապես բոլորը խոսելու են դրա մասին: Բոլորը խոսում են, Հովիկ Աբրահամյանը ջղայնանում է, Շարմազանովը զարմանում էգ Սա արդեն շոու էլ չէ, որովհետև մարդիկ էլ չեն հավատում: Շոուն էլ պետք է իմաստ ունենա: Մի հատ մեծ պլակատ է պետք գրել` «որևէ մեկին պատժելո՞ւ եք» բովանդակությամբ:
– Կարծես իշխող Հանրապետական կուսակցությունն այս քառօրյայում նոր գործելաոճ էր որդեգրել` քննադատում էր իշխանություններին, իրենք` իրենց աշխատանքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փոփոխությունը: 
– Երկու հանգամանք եմ տեսնում: Բյուջեում փողը պակասում է, վիճակը վատ է: Պարզ է, որ պետական բյուջեի գումարը պետք է ծախսվի տարբեր հարցեր լուծելու համար, բայց չի բավականացնում: Իսկ հաջորդ հանգամանքն այն է, որ իրենք էլ շատ լավ հասկանում են, որ ասել` «ամեն ինչ լավ է», արդեն ծիծաղելի է: Ագիտացիայի, պրոպանգադայի ուղղվածությունն այսօր փոքր-ինչ փոխվել է` սկսում են իրենք իրենց քննադատել: Սա ագիտացիայի ուղղվածության փոփոխություն է, որը գալիս է դեռևս խորհրդային ժամանակ կիրառվող մեթոդներից: Այսինքն` եթե հնարավոր չէ ուղղվել, ուրեմն` պետք է զբաղվել ինքնաքննադատությամբ: Հետո էլ` կսկսեն քարոզել, թե միս ուտելն առողջության համար այդքան էլ լավ չէ, որ շատ գազ վառել պետք չէ` տաքությունը լավ չէ, և այլն…
– Կարծիքներ կան, որ ՀՀԿ-ն ուզում է մոնոպոլիզացնել դաշտը` լինել և՛ ընդդիմություն, և՛ իշխանություն: Կհաջովի՞ ՀՀԿ-ին այդ սուր ինքնաքննադատություններով զբաղեցնել խորհրդարանական ընդդիմության տեղը: 
– Հայաստանում քաղաքագիտական նոր մշակույթ է ստեղծվում. համաշխարհային պրակտիկայում նման երևույթի մասին չեմ լսել, որ իշխանությունը և՛ իշխանություն լինի, և՛ ընդդիմություն: Բայց Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Ակնհայտ է, որ միայն ոչ ադեկվատ մարդը կարող է ինքն իրեն դեմ լինել: Մարդը երկփեղկվում է ու ինքն իրեն դեմ է գնում` սա դասական շիզոֆրենիայի լավագույն օրինակներից է: Հարցրեք յուրաքանչյուր հոգեբույժի` սա կլասիկա է: Եթե իրենք իսկապես ունեն ծրագիր` դառնալու ընդդիմություն, ստացվում է, որ քաղաքական շիզոֆրենիայի մեջ են: Բայց ես կարծում եմ, որ իրենք հասկանում են, որ իրավիճակը գնալով ծանրանալու է, և միայն գովելով` «Դեպի ապահով Հայաստան», բավարար չէ` մի քիչ կսկսեն քննադատել, մի քանի գործ կբացենգ Սա Սերժ Սարգսյանի գործելաոճն է:
– ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՎՊ բացահայտումներից հետո գուցե «ժերտվաներ» լինեն, և, եթե Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալն էլ հաստատվի` «վարչապետին պահելը դժվար» կլինի: Ի՞նչ եք կարծում, պատասխանատվություն կրողներ կլինե՞ն: 
– Ես դեռ պատասխանատվության փուլը չեմ տեսնում: Դատելով նրանից, որ Սերժ Սարգսյանը շատ արագ փախավ հարցերը լուծելուց ու գնաց արձակուրդ` հասկանալով, որ վիճակը ծանր է, կարծում եմ, մտադրություն` պատասխանատվության ենթարկել մի երկու հոգու կամ վարչապետին, ինչպես Արամ Մանուկյանն է ասել, դեռ չեմ տեսնում: Բայց, ըստ իս, Արամ Մանուկյանը ստրատեգիական ճիշտ ուղղվածության մեջ է. նման պրոցեսներ խորհրդային տարիներին էին անում` ազատում էին պաշտոնից խոշոր մեկին ու բոլոր խնդիրները նրա վրա բարդում, հայտարարում, որ ամեն ինչի մեղավորը հենց նա էր: Նման քայլեր անելու պատրաստակամություն, այնուամենայնիվ, իշխանության կողմից ես առայժմ չեմ տեսնում:
– Ի դեպ, համոզի՞չ էր Ձեզ համար վարչապետ Տիգրան Սարգսյանի հերքումը` օֆշորային գոտում ձեռնարկություն չունենալու վերաբերյալ: 
– Իհա՛րկե համոզիչ չէր:
– Շատերն ասում են, որ գործը փորձում են կոծկել: Հնարավո՞ր է կոծկել այս պատմությունը:
– Հայաստանում յուրաքանչյուր գործ կարելի է փորձել կոծկել: Բայց հասարակության մեջ շատ վաղուց արմատացած կարծիք կա, որ հենց այդպես է: Քաղաքականության մեջ միայն այն չէ, որ քրեական պատասխանատվության հանցագործ լինես, որ վարկաբեկվես: Հանրային կարծիքի համաձայն` եթե անկեղծ լինենք, իշխանությունը կապվում է հիմնականում փող աշխատելու մեխանիզմի հետ. մարդիկ ձգտում են իշխանության, որ փող աշխատեն` համապատասխան մշակված մեխանիզմների միջոցով: Մի բան եմ ուզում իրենց հարցնել` երբ փողեր սկսեցին փոխանցել, այն էլ` խոշոր չափերով, բա մեկը չհետաքրքրվե՞ց, չտեսա՞վ դա, փաստաթղթերի հետ կապված արդեն գործընթացներ են առաջացել, որովհետև դա «զրոյական» օֆշոր չի եղել, չէ՞, փոխանցումներ են կատարել, գործարքներ:
Այդ ո՞նց է, երբ ընդդիմության ներկայացուցիչներն իրար բարև են տալիս, գնում են սուրճ խմելու, ամեն ինչ ձայնագրվում է, իսկ այս դեպքում խոշոր գումարային փոխանցումներ են կատարվում, և ոչ մեկը ոչ մի բան չի իմանում: Օֆշորները յուրահատուկ հնարավորություններ ունեն, բայց միաժամանակ` ունեն կոնկրետ պահանջներ, այն է` պետք է լուրջ բանկում հաշիվ բացես ու բավական լուրջ փաստաթղթեր ներկայացնես: Իսկ ոչ լուրջ բանկում հաշիվ բացելը փողի փոխանցման համար դժվարություններ է ստեղծում, դա ծանր խնդիր է` գումարը կարող է տեղ էլ չհասնել: Իսկ լավ բանկում հաշիվ բացելու համար փաստաթղթեր են պետք, անհատական ներկայությունն է պարտադիր, այնպես որ` պետք չէ բոլորին հիմարի տեղ դնել:
– Ենթադրենք` Տիգրան Սարգսյանը ճիշտ է, և իր անունով օֆշորային ձեռնարկություն է գրանցվել որևէ մեկի կողմից: Սա ավելի մեծ, ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող խնդիր չէ՞, քան այն, որ երկրի վարչապետը և Արարատյան թեմի առաջնորդ հոգևորականն օֆշորային գոտում ձեռնարկություն ունեն: 
– Իհարկե: Միանշանակ: Դա շատ ավելի լուրջ խնդիր է, քան, եթե վարչապետն ունենա ձեռնարկություն: Պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ մեծ բարդություն է հասարակական դեմքերի անուններով հաշիվներ բացել: Նրանք գիտեն, չէ՞, որ Տիգրան Սարգսյան անունով վարչապետ կա: Բայց իրարանցում Կիպրոսից չկա: Մեքենայություն չէ՞ ուրիշի անունով ձեռնարկություն բացելը: Համամիտ եմ, որ այս հարցն ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է: Մի բան է` օֆշոր գրանցես Արամ Կարապետյան անունով, ով պաշտոնական դեմք չէ, և այլ բան է, երբ գրանցում ես պետական դեմքի, ներկայացուցչի անունով: Ստացվում է, որ մի օր էլ կարող է մի ադրբեջանցի Սերժ Սարգսյանի անունով մի օֆշոր բացի, ու աշխարհում ինչ հնարավոր սև փող կա` քշվի: Հիմա ի՞նչ` այդ ամենը կապենք Սերժ Սարգսյանի անվան հե՞տ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս