Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունմանը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Իլգար Մամեդովի ձերբակալման կապակցությամբ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունմանը.
«Ափսոսանք է հարուցում Եվրախորհրդարանում Իլգար Մամեդովի գործի քննարկումն ու բանաձևի ընդունումը: Այդ քայլը չի նպաստի երկկողմանի հարաբերությունների զարգացմանը: Ադրբեջանը հավատարիմ է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու ազատություններին:
Դժբախտաբար, Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնք առանձնանում են կանխակալ դիրքորոշմամբ, հաճախ քննարկում են Ադրբեջանին առնչվող տարբեր հարցեր և հնչեցնում են իրականությունը չարտացոլող մտքեր: Սա առաջին դեպքը չէ, երբ Եվրախորհրդարանը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ:
Եվրախորհրդարանն աչք է փակում բուն Եվրոպայում տեղի ունեցող գործընթացների և Հարավային Կովկասի ռազմա-քաղաքական հարցերի վրա: Ժամանակն է հաշվի առնել, որ Ադրբեջանն անկախ պետություն է, որը վարում է անկախ ներքին ու արտաքին քաղաքականություն»: