
Եվրախորհրդարանը կտրականապես դատապարտել է Իլգար Մամեդովի ձերբակալումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը երեկ բանաձև է ընդունել՝ կապված Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» (REAL) քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդարովի ձերբակալման հետ:
Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ Եվրախորհրդարանի պատգամավորները կտրականապես դատապարտել են Իլգար Մամեդովի ձերբակալումը և Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել ապահովել անմիջական, արդար, թափանցիկ ու անկած հետաքննությունը՝ նրա դեմ ներկայացված մեղադրանքներով:
Բացի այդ, նրանք Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել հարգել ԶԼՄ-ների ու խոսքի ազատությունը և ապահովել ազատ արտահայտվելը, բարեփոխել զրպարտանքի մասին երկրի օրենսդրությունը և ամբողջովին հարգել քաղաքացիների կողմից հանրահավաքներ անցկացնելու իրավունքը:
Իլգար Մամեդովը ձերբակալվել է՝ կապված այս տարվա հունվարի 23-24-ին Իսմայիլի քաղաքում տեղի ունեցած հուզումների հետ: