Ինչպես բելառուսական ՕՄՈՆ-ը մտավ նուդիստական լողափ
Մինսկի մոտ գտնվող ջրամբարի (որն անվանում են Մինսկի ծով) մոտ հաստատված նուդիստական լողափ հերթական անգամ այցելել է միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը։ Ինչպես գրում է «Комсомольская правда»-ն, ոստիկանները հանգստացողներին ասել են, որ բողոքներ են ստացել և տուգանել են լողափի այցելուներից մեկին։
Ոստիկանները նուդիստական լողափում «հատուկ գործողություններ» իրականացնում են դեռ նախորդ տարվանից։ Նրանք նախ նկարահանում էին հանգստացողներին, իսկ հետո տուգանում՝ մանր խուլիգանության համար։
Այս տարի մարտավարությունը չի փոխվել։ Պարեկային ծառայողները նախ տեսանկարահանում են մերկ վիճակում արևայրուք ընդունողներին, որից հետո տեսանյութը դիտում են են միկրոավտոբուսի մեջ և որոշում՝ ում տուգանել։
Այս անգամ ոստիկանների թիրախում է հայտնվել մի կին, ում տուգանել են 300 հազար բելառուսական ռուբլով (մոտ 35 դոլար)։
Ամբողջ խնդիրն այն է, որ նուդիստները ոչինչ չեն կարող անել՝ իրավիճակը շտկելու համար։ Մինսկի ծովի նուդիստական լողափը պաշտոնական կարգավիճակ չունի և այնտեղ հանգստացողները կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։