Գագիկ Ծառուկյան. Ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելի, այլ պետք է իր թիմակիցներին հարգի

Այսօր, մինչև ԱԺ դահլիճ մտնելը, լրագրողները մի քանի հարց են ուղղել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Մասնավորապես լրագրողներին հետաքրքրել է, թե արդյոք նա արգելել է ԲՀԿ-ի պատգամավորներին, մասնավորապես Նաիրա Զոհրաբյանին, սուր ելույթներ ունենալ և շփվել լրագրողների հետ: Այս մասին հաղորդում է galatv.am-ը:

Ի պատասխան Ծառուկյանն նշել է, որ հենց նոր իրենք նիստ են հրավիրել և այդ թեմայով իրեն ասել են, որ այդպիսի լուրեր կան, ինչի վերաբերյալ ինքն ասել է հետևյալը:

«Ես ասեցի, որ առաջինը ոչ մի ղեկավար իրավունք չունի իր թիմակիցներին արգելի, այլ պետք է իր թիմակիցներին հարգի, իրենց լսի, որ ճիշտ որոշումներ կայացվի:Երկրորդը՝ Նաիրա Զոհրաբյանի հետ կապված՝ ամբողջ Եվրոպառլամենտում, եթե դուք ուշադիր հետևում եք, նրա կատարած գործունեությունը, նրա նվիրվածությունը Հայաստանի, Ղարաբաղի հետ կապված, նա մեծ աշխատանք է կատարում, և ես կցանկանայի, որ մեր խորհրդարանում Նաիրա Զոհրաբյանի նման պատգամավորներ ավելի շատ լինեն: Այդպիսի նվիրյալներ, որ իրենց երկրի, պետության պետականության համար մտածում են, պայքարում են»:

Լրագրողները նաև հարցրել են, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ԲՀԿ-ն վերջին շրջանում պասիվ է, արդյոք արձակուրդ է գնացել: ԲՀԿ ղեկավարը նշել է, որ ամենակարևորը՝ ոչ մի կուսակցություն, ոչ մի կուսակցական կառույց արձակուրդ գնալու իրավունք չունի, որովհետև պարտավորություն են կրում ժողովրդի, իրենց ընտրողների առաջ:

«Ինձ թվում է՝ դեռ ժողովրդի խնդիրները կարգավորված չեն, որ պատասխանատու մարդիկ գնան արձակուրդ, ամենակարևորը՝ մենք աշխատում ենք, և այդ հարցը տեղին չի: Հիմնականում ես միշտ պատգամավորներին ասում եմ, որ նրանք միշտ պետք է կարողանան ժողովրդի հետ շփվել, ով որ տարածքում բնակվում է, որ տարսծքում պատասխանատու է՝ ժողովրդի մատից կարողանա փուշ հանել, ժողովրդին լսել, հարցը բարձրացնել, խնդիրը լուծել»,- հավելել է Գագիկ Ծառուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս