Սաակաշվիլին Ռասմուսենին խնդրել է հետաքննել համացանցում հակավրացական տեսանյութի հայտնվելը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նամակ է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, որում խնդրել է հետաքննել համացանցում հակավրացական տեսանյութի հայտնվելը:

Հունիսի 6-ին համացանցում տվյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես անց Աֆղանստանի Հելմանդ նահանգում հարձակում իրականացվեց վրացական զինվորական կոնտինգենտի վրա, ինչի հետևանքով զոհվեց 7 և վիրավորվեց 9 վրացի զինծառայող:

Վրաստանի նախագահը խնդրել է պարզել, թե արդյոք այդ տեսանյութի հայտնվելը կապ ունի՞ վրացի զինվորականների վրա իրականացված հարձակման հետ: Նամակում Սաակաշվիլին նաև հույս է հայտնել, որ կշարունակվի Վրաստանի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը, և որ հարձակման հետևանքով տուժած վրացի զինվորականները կստանան անհրաժեշտ օգնություն:

Հիշեցնենք, որ վրացական կողմը չի բացառում, որ «Թալիբանի» անունից ջիհադի մասին տեսանյութը YouTube-ում կարող է տեղադրված լինել Վրաստանից:

Տեսանյութեր

Լրահոս