
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ընդդեմ ԿԸՀ-ի

Վարչական դատարանը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր քննության կառնի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: ՀԿ-ն դիմել է դատարան՝ ԿԸՀ մայիսի 29-ի թիվ 122-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին իրականացրել է դիտորդական առաքելություն և հայտնաբերել մի շարք խախտումներ: Մասնավորապես, արձանագրված խախտումների վերաբերյալ ՀԿ-ն թ.12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել 23 դիմում, սակայն ԸԸՀ-ն դրանք մեկ որոշմամբ մերժել է՝ պատճառաբանելով, որ դիմումները ներկայացվել են Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո:
Ըստ ՀԿ-ի, իրենք ոչ թե բողոքարկել են հանձնաժողովի որոշումները, գործողությունները կամ անգործությունը, այլ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, հետևաբար՝ ԸԸՀ-ն դիմումները պետք է դիտարկեր դիտորդների իրավունքների համատեքստում, այլ ոչ որպես բողոք, որի ներկայացման համար ԸՕ-ով սահմանված է ժամկետ:
Դիմումատուն ԿԸՀ-ից խնդրել էր սեփական նախաձեռնությամբ վերացնել ԸԸՀ-ի որոշումը և քննության առարկա դարձնել դիտորդների կողմից 23 դիմումներով ներկայացված խախտման հանգամանքները:
ԿԸՀ-ն առկա փաստերի ուսումնասիրմամբ հիմնավորված էր համարել թ.12 ԸԸՀ-ի եզրահանգումները և մայիսի 29-ի թիվ 122-Ա որոշմամբ մերժել դիտորդների դիմումը, թ.12 ԸԸՀ-ի որոշումը թողել անփոփոխ: